Հռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ին
09-05-2025 19:06:55 | Իտալիա | Ի՞նչ է գրում մամուլը
shamshyan.com Հռոմի Պապ Լեո XIV-ի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ին, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Վատիկանի հայտարարությանը:Բացի այդ, նորընտիր Պապը իր առաջին ընդհանուր ունկնդրությունն անցկացնելու է մայիսի 21-ին:Այսօր նա պոնտիֆիկոսի պաշտոնում առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում:Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել նոր Հռոմի Պապի անունը: Պոնտիֆիկոս է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը։
Նա վերցրել է Լեո XIV անունը: Հռոմի Նոր Պապի իսկական անունը՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ է, նա 69 տարեկան է, ծնվել է Չիկագոյում։
Ունի մաթեմատիկական կրթություն և ավարտել է Սուրբ Օգոստինոս օրդենի սեմինարիան։ Ձեռնադրվել է քահանա 1982 թվականին՝ Պերուում Օգոստինյան առաքելությանը միանալուց անմիջապես հետո։ Նա վերադարձել է Նահանգներ 90-ականների վերջերին և շուտով դարձել Ավգուստինյան օրդենի գլխավոր պրիորը: Եպիսկոպոս է ձեռնադրվել 2014 թվականին Ֆրանցիսկոս պապի կողմից, իսկ 2020 թվականին նշանակվել առաքելական կառավարիչ Պերուում։ 2025 թվականի փետրվարին Ֆրանցիսկոսը նրան բարձրացրել է կարդինալ եպիսկոպոսի (այսինքն՝ ավագ կարդինալի) աստիճանի։ Պատմության մեջ առաջին Պապն է ԱՄՆ-ից: