Սա ամենաստույգ վկայությունն է, թե Ստեփանակերտն ինչպես է նշել մայիսի 9-ը: Եվ ոչ ոքի չի հետաքրքրել, թե պետական արարողակարգն ո՞վ և ինչո՞ւ է այնպես սահմանել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Հայաստանից եկած պատվիրակությունը Շուշիի ազատագրման օրով պետք է այցելի «բրատսկի», որտեղ պաշտոնական միջոցառումն ավարտվում էր «Этот день победы» երգի հնչյունների ներքո:
…1992 թվականի օգոստոսին, ամսաթիվը չեմ հիշում, կարելի է արխիվներից ճշտել, Ստեփանակերտն արթնացավ մղձավանջային հերթական քնից և տեսավ, որ «Կովկասի Լենինի»՝ Ստեփան Շահումյանի պղնձաձույլ արձանը տապալված է: Հանրապետական թերթը հանդես եկավ «բարբարոսությունը» դատապարտող հոդվածով, բայց դա «ձայն բարբառո հանապատի» էր, ով որոշել էր, որ բոլշևիկյան պատկության խորհրդանիշ արձանը պետք է տապալվի, իր գործն արել էր:
Հետևեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշումը, որ Շահումյանի արձանի տեղում կկանգնեցի ղարաբաղյան ինքնապաշտպանական պատերազմի աշխարհազորայինի հուշարձանը: Եվ ի՞նչ: Վեց տարի հետո՝1998 թվականի սեպտեմբերին Շահումյանի արձանը նույն տեղում էր, և Ստեփանակերտը ցնծում էր, որ բոլոր սիրահարների ժամադրավայր, այս ձևակերպման հեղինակը Զորի Բալայանն է, «պյատաչոկը» վերականգնվում է:
Անկախ ԼՂՀ մայրաքաղաքը, այդպիսով, Ադրբեջանին և միջազգային հանրությանը հստակ ուղերձ հղեց, որ իրեն առանց Ստեփան Շահումյանի պղնձաձույլ արձանի, չի պատկերացնում: «Թքած ունեին» իրողության վրա, որ Ստեփանակերտում այդ արձանը կանգնեցվել է որպես Լեռնային Ղարաբաղի «ընդմիշտ ադրբեջանապատկանության» խորհրդանիշ: Ոտնակոխ արվեց ԼՂՀ ԳԽ նախագահության որոշումը, ազատամարտիկների հիշատակը խորհրդանշող մի ձև մի «ժայռաբեկոր» տարան և տեղադրեցին պետական համալսարանի ոչ թե մուտքին հարող տարածքում, այլ ետնաբակում:
Ի՞նչ արեց ԼՂՀ իշխանությունը: Շահումյանի արձանի պատվանդանից քերեց-մաքրեց քանդակագործի հեղինակի անուն-ազգանունը, որ ադրբեջանցու էր, ռուսերեն «Степан Шаумян» գրությունը դարձրեց հայատառ, բայց «Կովկասի Լենինը», այնուամենայնիվ, մնաց հայացքը հառած դեպի արևելք, դեպի «ինտերնացիոնալ» Բաքու: Թեև պողոտան, որի սկզբնամասում Շահումյանի արձանը և բոլոր սիրահարների ժամադրավայր «պյատաչոկն» էր, վերանվանվել էր «Ազատամարտիկների»:
Այս մասին առաջին անգամ չէ, որ գրում եմ: Առնվազն երեք հոդված հրապարակել եմ նույն տարիներին, ահազանգել, որ անկախ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում Ստեփան Շահումյանի արձանը նոնսենս է: Ո՛չ համաձայնության եմ արժանացել, ո՛չ հակափաստարկի: Իսկ սարսափելին, ինչպես Ռուբեն Հախվերդյանն է երգում, «լռությունն է, երկու զույգ աչքեր՝ մթության մեջ»:
…2007 թվականի ԼՂՀ նախագահական ընտրությունների նախաշեմին բուռն բանավեճ ունեցա Ստեփանակերտում հայտնի մի «աշխարհիկ կղերականի» հետ: Նա ինձ համոզում էր, որ Արկադի Ղուկասյանը ԼՂ կարգավորման «պարտվողական-լևոնական թևի» ներկայացուցիչ է և չի կարող երրորդ ժամկետով պաշտոնավարել: Հարցիս, թե իսկ ի՞նչ պիտի անի նախագահի իր «սրտի սյուն թեկնածուն», նա լուրջ պատասխանեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ կհասնի մայիսյան եռատոների միջազգային ճանաչմանը, Հայաստանին Արցախի միավորմանը:
Ես նրան միայն մի բան ասացի. «Եթե քո թեկնածուն նախընտրական ծրագրում խոստանա, որ Ստեփանակերտի աշխարհագրական ամենաբարձր տեղանքում կանգնեցնելու է ղարաբաղյան պատերազմի հաղթակամարը, ներողություն կխնդրեմ»:
Ստեփանակերտն այդպես էլ հաղթակամար չունեցավ: Տոնախմբությունները կատարվում էին «բրատսկիում» և ավարտվում «Этот день победы» երգի ֆոնոգրամայով: