Ողբերգական դեպք՝ Երևանում. արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին
10-05-2025 16:48:00 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Այսօր՝ մայիսի 10-ին, Երևանում աշխատանքային անվտանգության կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արղության 10 հասցեում՝ գովազդային նյութերի արտադրամասում գործող քարի մշակման հաստոցի մեջ քաղաքացի է մահացել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Քար կոտրելու «ստանոկ»-ի մեջ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են տղամարդու մարմին: Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: Թե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել նշված գործիքի մեջ, որի մեջ եղել են մեծ քանակի քարեր, պարզվում է: