Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա
13-05-2025 10:43:12 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Այն նույն երկրները, որոնք նախկինում խոստովանել են, որ մինսկյան համաձայնագրերը օգտագործել են Կիևի օգտին ժամանակ ձգելու համար, այժմ ձգտում են 30-օրյա հրադադարի, որպեսզի վերականգնեն Կիևի ռեժիմի մարտունակությունը և «շունչ քաշեն»:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի և նրա Արևմուտքի դաշնակիցների կողմից 30-օրյա հրադադար հաստատելու պահանջը:
«Բեռլինն ու Փարիզն օգնեցին Կիևին նախապատրաստվել այս պատերազմին: 2022-ին Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեցին, որ ոչ ոք չէր ծրագրում իրականացնել Մինսկի համաձայնագրերը, և այդ համաձայնագրերն անհրաժեշտ էին ժամանակ շահելու համար, որպեսզի Ուկրաինան պատրաստվի Ռուսաստանի հետ «Դոնբասի խնդիրը» ուժով լուծելու համար»,- ասել է Զախարովան ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:
Հիշեցնենք՝ Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ վարել Ստամբուլում մայիսի 15-ին:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության և սպասում է Կիևի և նրա արևմտյան գործընկերների արձագանքին։
Ռուսաստանը պետք է մայիսի 12-ից հաստատի լիարժեք, տևական և հուսալի 30-օրյա զինադադար, միայն դրանից հետո Ուկրաինան պատրաստ կլինի բանակցություններին, ասել է Վլադիմիր Զելենսկին՝ ի պատասխան Կրեմլի առաջարկի։