ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք


 

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

  • 13-05-2025 11:56:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



                               
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ 
 
Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ ու վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում են համաձայնեցված և  ունեն բարեկամական կապ։ Այս տնտեսվարողներն արտադրել են նաև զինվորական համազգեստի նմանվող  հագուստներ, որոնք, ըստ ձեռքբերված նախնական տվյալների, վաճառվել են հիմնականում որսորդական խանութներին:
 
Համակողմանի և  մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները հաստատվել են: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում պարզվել է, որ այս  տնտեսվարողները 2020-2024 թթ ընթացքում թաքցրել են շուրջ 3 մլրդ դրամի իրացման շրջանառություն։ Կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 900 միլիոն դրամի վնաս: 
 
Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով ՊԵԿ hետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչությունը հաղորդում է ներկայացրել  Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
ՊԵԿ-ը շարունակելու է հետևողական պայքարը` հարկային կարգապահության խախտումները բացահայտելու ուղղությամբ՝ այսպես  պաշտպանելով նաև օրինական բիզնեսի շահերը: 
 
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
ՀՀ ՊԵԿ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն