13-05-2025 19:15:27 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Մայիսի 13-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն սկսել է առաջին արտասահամանյան ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա: Ըստ տեղեկությունների, նա կայցելի նաև Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ: Իսրայելական մամուլը տեղեկացնում է, որ բանակցությունների օրակարգում ներառնված են գլխավորապես տնտեսական հարցեր, բայց «ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ԱՄՆ նախագահը քաղաքական հայտարարություն չի անի»:
Խոսքը, ըստ երևույթին, այն մասին է, որ Թրամփը կարող է հայտարարել Պաղեստինի անկախության ճանաչման մասին, ինչից Իսրայելում, բնականաբար, խորապես անհանգստացած են: Բայց Թրամփի մերձավորարևելյան շրջայցի հետ կապված մի ինտրիգ էլ կար: Նա ասել է, որ մայիսի 15-ին կարող է գտնվել Ստամբուլում, եթե համարի, որ դա օգտակար է: Այդ օրը, ինչպես անոնսավորվել է, Ստամբուլում պետք է մեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցություններ: Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ անձամբ կսպասի Վլադիմիր Պուտինին:
Թրամփի Ստամբուլ այցը, ըստ այդմ, կարող էր տեղի ունենալ միայն մի դեպքում. եթե Ռուսաստանի նախագահը մեկներ այնտեղ: Պատահակա՞ն է, թե՞ հատուկ այդ պահն է ընտրվել, բայց փաստ է, որ ԱՄՆ նախագահի Սաուդյան Արաբիա ժամանելուն գրեթե ունիսոն՝ ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Ստամբուլի բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության կազմում ընդգրկված է նաև նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Դա նշանակում է, որ Ստամբուլում հրադադարի հաստատման մասին հայտարարություն չի ընդունվի, նման որոշում կարող է կայացնել միայն Ռուսաստանի նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը:
Փաստացի Վլադիմիր Պուտինը մերժել է ԱՄՆ նախագահի գաղափարը՝ միասին գտնվել Ստամբուլում և կայացնել էական նշանակության որոշում: Մոտենում է Թրամփի պաշտոնավարման հարյուրերորդ օրը, իսկ նա որևէ ձեռքբերում, որ կարող է ներկայացնել ամերիկացիներին և միջազգային հանրությանը, չունի:
Կարելի է ենթադրել, որ Ստամբուլի բանակցությունները կողմերին որևէ էական համաձայնության չեն բերի: ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը ներկայացրել է քննարկման ենթակա հարցերի շրջանակը, որտեղ ոչ մի կետում ընդհանուր հայտարար հազիվ թե նշմարվի:
Ուկրաինայի նախագահ Զելենսկուն կոչ անելով անհապաղ ընդունել բանակցությունների առաջարկությունը՝ Դոնալդ Թրամփն ասել է, որ դա հնարավորություն կտա հասկանալ, թե որքանով է Ռուսաստանը պատրաստ հրադադարի: Պուտինի որոշումը, որ Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի Լավրովը, հասկացվում է, որ նա մերժում է հրադադար հաստատելու, ապա քաղաքական հարցերի քննարկմանն անցնելու տարբերակը:
Ըստ էության, Ուկրաինան և եվրոպական քառյակը՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Լեհաստանը, նման սցենարն ամենահավանականն էին համարում: Պատերազմը կանգնեցնելու Պուտինի ցանկությանը հավատ է ընծայում միայն ԱՄՆ նախագահը: Հրաժարվելով մեկնել Ստամբուլ՝ Վլադիմիր Պուտինը փաստացի միջազգայնորեն նվաստացրել է ԱՄՆ նախագահին:
Դոնալդ Թրամփն այսուհետև հարկադրված է ընտրություն կատարել Պուտինի տարածքային նվաճումները ճանաչելու և եվրոպացի գործընկերներին համերաշխություն հայտնելու միջև: Եթե նա ընտրի առաջին տարբերակը, ապա կհաստատի փորձագիտական այն տեսակետը, որ Ուկրաինայի «բաժանման հարցում ռուս-ամերիկյան գաղտնի համաձայնություն կա»: Իսկ դա նրան կարող է շատ թանկ արժենալ թե ԱՄՆ-ում, թե միջազգային հարաբերություններում: