ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ
15-05-2025 12:42:06 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2025 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 200,000,000 ( երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ:
«Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը կամ նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը: Դրամական հատկացման բյուջեի առավելագույն չափը կազմում է 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև (յուրաքանչյուրին՝ մինչև 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ):
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պահանջները սահմանված են հրավերով։