Հայաստանի զինանշանն արտացոլում է հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ․ Ադրբեջանի ԱԳՆ


Հայաստանի զինանշանն արտացոլում է հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ․ Ադրբեջանի ԱԳՆ

  • 16-05-2025 15:09:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Պաշտոնական Բաքուն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ վերստին պնդելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխի իր Սահմանադրությունը։
 
«Սահմանադրության փոփոխությունը, որն ուղիղ սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի ազգային անվտանգության համար, խաղաղության հիմնարար պայման է, և Ադրբեջանն ունի այդ պահանջը ներկայացնելու օրինական իրավունք», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
 
Աշխատանքային այցով Տիրանայում գտնվող վարչապետ Փաշինյանն երեկ Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից ներկայացած ադրբեջանցի լրագրողի հարցերին է պատասխանել՝ ներկայացնելով պաշտոնական Երևանի հայտնի դիրքորոշումները ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, ՀՀ Սահմանադրության և Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի շուրջ:
 
Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ ԵԱՀԿ-ին դիմումը Մինսկի խմբի լուծարման հարցով պետք է լինի խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ, Հայաստանի Սահմանադրությունում չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, և խաղաղության պայմանագրի՝ երկրի Հիմնական օրենքին համապատասխանության հարցը կարող է որոշել միայն երկրի Սահմանադրական դատարանը՝ պայմանագրի ստորագրումից հետո:
 
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն, ի պատասխան, հայտարարել է՝ ՀՀ վարչապետը «կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը»։
 
«Նույնիսկ զինանշանը, որը հիշատակվում է Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարևանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները»,- ասված է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը