Էրդողանի ժեստը Փաշինյան-Ալիև հանդիպման մասին


Էրդողանի ժեստը Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

  • 16-05-2025 18:28:53   | Ալբանիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am  Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը, որն ավելի շատ բնորոշ է թերևս «զրույց-շփման»: Համենայն դեպս, հանդիպումը տեղի է ունեցել, ըստ էության, միջանցքում՝ Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության վեցերորդ գագաթնաժողովի շրջանակում:
 
Հանդիպման վերաբերյալ տարածված տեսանյութում նախ զրուցում են Փաշինյանն ու Ալիևը՝ միջանցքում, սուրճի սեղանի ինտերիերով, իսկ հետո տեսանյութում երևում է, որ սեղանին միացել են Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը, Հայաստանի վարչապետի խոսնակը, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը և Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը: Նրանց միանալն արդյո՞ք ենթադրել է որևէ հանձնարարություն կամ ցուցում՝ առաջիկա ինչ-որ քայլերի համար: Միարժեք բարդ է ասել:
 
Հաղորդագրությունը, որ առկա է «հանդիպման» մասին, համառոտ է ու ստանդարտ՝ կարևոր են համարել խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը, քննարկել ընթացիկ վիճակն ու կարևոր համարել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակությունը: Բովանդակային որևէ այլ մանրամասն հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե արդյոք քննարկվել է, օրինակ, Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի շարունակվող կրակոցներ, կամ սահմանազատման ու սահմանագծման հարցը, ճանապարհների օրակարգը:
 
Ընդ որում` հատկանշական է, որ Ալբանիայում հանդիպմանը զուգահեռ, տարածվում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունը, որում ոչ միայն կրկնվում է Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ հայտնի «թեզը», այլ նաև հայտարարվում, որ Հայաստանի զինանշանն էլ տարածքային հավակնություն է հարևան երկրների նկատմամբ: Ըստ ամենայնի, Բաքուն նկատի ունի Հայաստանի զինանշանի վրա Արարատ լեռան պատկերը, որը Նոյան Տապանով է: Ընդ որում, առանց Թուրքիայի չի անցել Փաշինյանի ալբանական առօրյա:
 
Տարածվել է տեսանյութ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ զրուցում Էրդողանը, ըստ ամենայնի՝ նրանց զրույց-հանդիպումից հետո: Ավելին, Նիկոլ Փաշինյանին Էրդողանը դիմում է ձեռքի պերճախոս ժեստով, հարցնելով ինչ-որ բան, հետո գլխով դրական նշան ստանալով Հայաստանի վարչապետից և դրան ի պատասխան դրական նշան անելով բթամատով: Պետք է ենթադրել, որ Էրդողանը ձեռքի՝ «ամբողջի» նշանակության տպավորություն թողնող ժեստով Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղում Ալիևի հետ զրույցի վերաբերյալ: Հետո Էրդողանն առանձնացավ Ալիևի հետ զրույցի: Հնարավոր է, որ Թուրքիայի նախագահի այդ ժեստը առնվազն տպավորությունների առումով Փաշինյան-Ալիև շփման մասին ասում է ավելին, քան դրա մասին պաշտոնական հաղորդագրությունը
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը