Մոսկվան և Կիևը Ստամբուլում համաձայնել են, որ կարող են պայմանավորվել
17-05-2025 17:01:43 | | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am CNN Turk-ի դիվանագիտական աղբյուրը Ստամբուլի ռուս-ուկրաինական բանակցություններից բացառիկ տեղեկություն է հայտնել: Ըստ այդմ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը պատվիրակություններին ողջունելուց հետո պետք է նրանց մենակ թողներ, բայց հանդիպման առաջին րոպեներին Ռուսաստանի նախագահի օգնական Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է զորքերը դուրս բերի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից, և հետագա քննարկումները կընդհատվեին, եթե Թուրքիայի արտաքին գործերի նախարարը չմիջամտեր և չառաջարկեր անդրադառնալ գերիների փոխանակման հարցին:
Ռուս-ուկրաինական բանակցությունների միակ առարկայական համաձայնությունը, որի կողմերը հաստատել են, կայացել է այդ հարցում: Ուկրաինական պատվիրակության անդամներից Վադիմ Սկիբիցկին լրագրողներին ասել է, որ փոխանակումը տեղի կունենա Կիևի մարզի տարածքում, կողմերը «հստակեցնում են փոխանակման ենթակա անձանց ցուցակները»: Ընդ որում, գերիների փոխանակման ստույգ օր համաձայնեցված չէ, բայց Սկիբիցկին վստահեցրել է, որ ռուսական կողմի հետ նորմալ աշխատում են:
Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Մեդինսկին իր հերթին ասել է, որ ուկրաինական կողմից ստացել են երկու երկրների առաջնորդների հանդիպում կազմակերպելու առաջարկություն, որն «առնվել է ի գիտություն»: Կողմերը նաև պայմանավորվել են ամենասեղմ ժամկետներում ներկայացնել հրադադարի հաստատման իրենց գրավոր պատկերացումները: Հետագա բանակցությունների հարցում պարզություն կլինի այդ պատկերացումները փոխադարձաբար քննարկելուց հետո:
Թուրքական կողմը ստամբուլյան բանակցությունները համարում է «ավելի արդյունավետ, քան սպասելի էր», իսկ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «ամբողջ աշխարհում խաղաղ դիվաանգիտության առաջատարն է»: Ռուսաստանի պատվիրակության հետ ոչ ավելի, քան մեկուկես ժամ տևած հանդիպումն Ուկրաինայի փոխարտգործնախարար Կիսլիցան որակել է «ծանր օրվա դրական արդյունք»:
Եթե համադրենք հնչեցված գնահատականները, ապա կարող ենք ասել, որ Մոսկվան և Կիևը Ստամբուլում համաձայնել են, որ կարող ենք պայմանավորվել: Խնդիրն այն է, թե պայմանավորվածություն ասելով կողմերից յուրաքանչյուրն ինչ է նկատի ունենում: Ռուսաստանը, ինչպես շատ հստակ ձևակերպել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, չի ընդունում հրադադար հաստատելու և երկրորդ փուլում քաղաքական հարցերը քննարկելու տարբերակը: «Պատմությունը գիտի, որ պատերազմները և բանակցություններն ընթանում են զուգահեռաբար»,- ասել է Պեսկովը:
Իսկ դա նշանակում է, որ Մոսկվան առաջնորդվում է «առավոտյան՝ աթոռները, երեկոյան՝ փողը» սկզբունքով և պահանջում, որ Կիևը համաձայնի զորքերը չորս մարզերից դուրս բերելու նախապայմանին: Ուկրաինան, բնականաբար, ձգտում է հասնել ցամաքում, օդում և ծովում կրակի դադարեցման, բաժանարար գոտու և հրադադարի վերահսկման մեխանիզմների ներդրման: «Արևմուտքը հրադադար է պահանջում, որպեսզի Ուկրաինային շունչ առնելու ժամանակ տա»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գնահատմամբ՝ ուկրաինական ճգնաժամը կարող է կարգավորվել միայն Թրամփ-Պուտին հանդիպման արդյունքում: Այդ մասին Մերձավոր Արևելքից տունդարձի ճանապարհին լրագրողներին ասել է նաև ԱՄՆ նախագահը: Նա վստահություն է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը «նույնպես խաղաղություն է ուզում»: Մոսկվան և Վաշինգտոնը դիվանագիտական խողովակներով կամ հատուկ ծառայությունների մակարդակով նախապատրաստո՞ւմ են Պուտին-Թրամփ գագաթաժողով: Ըստ երևույթին՝ այո: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշն ուկրաինական ճգնաժամի սրացումից ի վեր առաջին անգամ խոսել է միջազգային իրավունքի սկզբունքներն անտեսելու վտանգավորության մասին: Ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել Պուտին-Թրամփ հավանական գործարքի և ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունքների միջև արմատական հակասությունը: Բայց եթե ուկրաինական կարգավորումը հնարավոր է միայն ԱՄՆ-Ռուսաստան սեպարատ գործարքով, ի՞նչ իմաստ ունեին Ստամբուլի բանակցությունները: Մոսկվան և Կիևը համաձայնել են, որ կարող են պայմանավորվել խնդրի սկզբունքային կարգավորումը Թրամփ-Պուտին գագաթաժողովին վերապահելո՞ւ հարցում: