Կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն ՀՀ-ի հետ, բայց դե ֆակտո տարածաշրջանում խաղաղություն է. Հաջիև
19-05-2025 11:23:03 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, որ տարածաշրջանում ստեղծվել են խաղաղության համար շատ բարենպաստ պայմաններ։
«Հարավային Կովկասում ի հայտ է եկել նոր ստատուս քվո և նոր իրականություն։
Եվ այս ստատուս քվոն հիմնված է ոչ թե օկուպացիայի կամ ագրեսիայի, այլ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, օրինականության վրա հիմնված հարաբերությունների վրա։
Պաշտոնական Բաքուն հայկական կողմին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խաղաղության պայմանագրի տեքստը։ Դրական կողմն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Սակայն կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն Հայաստանի հետ»,- ասել է Հաջիևը՝ նորից կրկնելով, թե Հայաստանը, իբր, տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ:
Ալիևի օգնականի խոսքով՝ հստակ կարելի է ասել մի բան՝ Ադրբեջանի և Հայաստանի անկախացումից ի վեր տարածաշրջանում խաղաղության համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել։
«Այսօր տարածաշրջանում իսկապես տիրում է խաղաղություն, կայունություն։ Դե ֆակտո կարելի է ասել, որ տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի դա իրավաբանորեն ձևակերպվի, որպեսզի տարածաշրջանում հաստատվի վերջնական խաղաղություն»,-ասել է նա: