Բաց Նամակ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին. Միլազմ Ավդոյանը ՀՀ իրավական համակարգի զոհ է դարձել
19-05-2025 14:11:59 | Հայաստան | Իրավունք, օրենք, հասարակություն
Բաց Նամակ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Նահապետյանին.
ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔ ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ 200 ԳԼՈՒԽ ԱՆԱՍՈՒՆ Է ՏԱՐԵԼ, ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ՏԱԼԻՍ
Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի Միլազմ Ավդոյանը՝ պնդելով, որ ինքը օտարերկրյա քաղաքացու խաբեության եւ ՀՀ իրավական համակարգի զոհն է դարձել: Ավդոյանի խոսքով՝ Իրանի մի քաղաքացի՝ ազգությամբ թուրք, խաբեությամբ գողացել, խլել է իր տարիների քրտինքը, որն իր երեխաների ապրուստն էր, իսկ որպես ՀՀ քաղաքացի, իր իրավունքները պաշտպանելու փոխարեն, ՀՀ արդարադատությունը կատարվածի վրա աչք է փակում՝ հովանավորելով կամ ծառայություն մատուցելով այլ երկրի քաղաքացուն:
«Իրանի քաղաքացի Ղասեմ Աբդուլա Նեժադիին վաղուց էի ճանաչում: Ես անասուններ եմ պահում, վաճառում: 2021 թ-ի հոկտեմբերին ինձանից 200 գլուխ հորթ տարավ, մոտ 30մլն դրամ էր անում, խոստացավ, թե Մեղրիի անցակետն անցկացնի, իրենց «պրիստավը» տեսնի, որ անասունները տարել է, գումարը կփոխանցի, բայց խաբեությամբ սահմանը հատեց ու անհետացավ: Սկզբում զանգեց, ասեց՝ անասունների վրա տիզ կա, չեն թողնում, որ անց կացնի, պիտի մնան տամոժնին, ինքը գնա, հետ գա: Խաբեց, թե տղան ավարիա է տվել ու գնաց, էլ չեկավ, կապը կորցրեց մեր հետ: 2015-ին էլ էի ես իրեն անասուն վաճառել, գումարի մեծ մասը տվել էր, մնացածը՝ չէ: Էդ ժամանակ ոստիկանությունով իրեն բերման ենթարկեցին, պարտքի կեսը տվեց, խոստացավ, որ մի մասն էլ էս նոր պարտքի հետ կմարի : Էս անգամ էլ դիմեցի ոստիկանություն, ռոզիսկ տվեցին, 2022թ․-ին բերման ենթարկեցին, առերեսում եղավ, ինքը հերքում էր, թե առք ու վաճառքի փաստաթուղթ չկա, մենք ներկայացրեցինք փաստաթղթերը, գործ հարուցվեց, ես տուժող ճանաչվեցի, իր խափանման միջոցն էլ ստորագրությամբ չհեռանալն էր», պատմեց Ավդոյանը՝ նշելով, որ շուրջ 2 տարի գործը քննվելուց հետո, անակնկալ կերպով կարճվել է:
«Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Էդուարդ Բաբայանը , որը համոզված եմ՝ էս գործով կաշառք է վերցրել, որոշեց, որ գործը պիտի կարճվի, էն դեպքում, որ մի շարք հանգամանքներ կային, որ կոռուպցիոն գործարքի վկայություն էին: Իմ անասունները կառանտինի մեջ չեն եղել, ես անասունները բարձել եմ Արմավիրի Լեռնամերձ համայնքից, բայց ՊԵԿ փաստաթղթերում նշված է, թե կառանտինի մեջ են եղել Աշոցքի տարածաշրջանում, այսինքն՝ անասունները անցակետը հատել են կեղծ փաստաթղթերով: Իսկ ամենից աբսուրդը գիտեք որն է․ մենք գործն ուղարկում ենք ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ներկայացնում, որ կոռուպցիա է եղել, Արմավիրի մարզի դատախազի տեղակալն էլ է մեջը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ, խնդրել ենք գործը քննության վերցնել հակակոռուպցիոնի վարույթում, ինքը նորից հետ է ուղարկում Արմավիրի դատախազի տեղակալին՝ Էդուարդ Բաբայանին, որ գործը վերանայի»,-ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան փոխանցեցին, որ Քրեական ՝ համար 57169422 գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով:
Միլազմ Ավդոյանի` փաստաբան Այսեր Իսայանը պնդում է, որ իրավական համակարգը աչք է փակել մի շարք ապօրինությունների վրա: Այս գործում դրանք բազմաթիվ են, սկսած զարտուղի ճանապարհով անասունները մաքսային կետ հասցնելուց, մինչև առք ու վաճառքում առկա կետերի դրույթների անհամապատասխանությունից: Այն, որ Ղասեմ Աբդուլա Նեժադին զբաղվել է ձեռներեցությամբ, բայց հարկային դաշտում գրանցված չի եղել, իրավապահ համակարգին դա էլ չի հետաքրքրել:
Միլազմ Ավդոյանը խնդրում է մեր հրապարակման միջոցով իրավապահ համակարգի ուշադրությունը հրավիրել եւ վերնայել կարճված գործը, իրականացնել անկողմնակալ, արդար վերաքննություն, արդարադատության միջոցով իրեն վերադարձնել տանջանքով ձեռք բերած եւ իրենից գողացած ապրուստը:
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь