Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթներին


Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթներին

  • 19-05-2025 17:45:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
 
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել ծառայության լիազորությունները, լիազորությունների իրականացման կարգը, այդ թվում՝ ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին վերապաhված վերահսկողական լիազորությունների իրականացման միջոցով պետական միջոցների կառավարման օրինականության եւ արդյունավետության վերահսկումը, հնարավոր չարաշահումների բացահայտումը, կանխումը դարձնել առավել արդյունավետ, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը փոխանցել ծառայությանը:
 
Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ, էական բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:
 
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:
 
Երկրորդ ընթերցմամբ քննակվել է նաեւ «Կրիպտոակտիվների մասին» մայր օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ԿԲ նախագահի առաջին տեղակալ Արմեն Նուրբեկյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում կատարվել է երկու փոփոխություն: Առաջինը վերաբերում է բանկերի կողմից կրիպտոակտիվներին տրամադրվող ծառայություններին: Ըստ այդմ՝ բանկերը չեն կարող նման ծառայություններ մատուցել: Եթե բանկի սեփականատերը կամ խումբը ցանկանան կրիպտոակտիվներին վերաբերող ծառայություններ մատուցել, ապա պետք է բացվի առանձին կազմակերպություն, որն էլ պետք է լիցենզավորվի: Արմեն Նուրբեկյանը նշել է, որ փոփոխությունը հնարավորություն կտա մրցակցային առումով ստեղծել ավելի պարզ դաշտ, ինչպես նաեւ ավելի հեշտացնել ռիսկերի կառավարումն ու մշտադիտարկումը:
 
Մյուս փոփոխությունը տեխնիկական բնույթի է:
 
Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կարեւորել է բանկային եւ կրիպտոակտիվների գործունեությունների առանձնացումը:
 
Արմեն Նուրբեկյանն անդրադարձել է նաեւ հանձնաժողովի անդամ Էդգար Հակոբյանի՝ վերջին շրջանում զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների վարկերի սառեցմանը վերաբերող հարցին:
 
ԿԲ նախագահի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ Կենտրոնական բանկը ստացել է մոտ 50 դիմում, շուրջ 500 անձի վերաբերյալ որոշում է կայացվել: Նա նշել է, որ զեղծարարություններ եղել են նաեւ նախորդ տարիներին եւ կարծիք է հայտնել, որ հարցի լուծման նպատակով ճիշտ կլինի հետագայում ավելի ինստիտուցիոնալ մեխանիզմներ մշակել, մասնավորապես՝ ապահովագրության տեսքով:
 
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված լրամշակված օրենսդրական փաթեթին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն