Պուտինի բարոյական պարտությունը


Պուտինի բարոյական պարտությունը

  • 19-05-2025 18:21:16   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Ստավրոպոլի երկրամասում ձերբակալել է անչափահասների հանցախումբ, որ Հաղթանակի օրը նախապատրաստել էր ահաբեկչությունների շարք: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունը՝ հղում անելով ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնի տարածած պաշտոնական հաղորդագրությանը:
 
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը, համագործակցելով Քննչական կոմիտեի և ներքին գործերի նախարարության հետ, Ստավրոպոլի երկրամասի տարածքում կանխել է ահաբեկչական բնույթի մի շարք հանցագործություններ: Ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձերբակալվել ինը տեղի բնակիչ, բոլորն էլ ՌԴ քաղաքացի, որ միջազգային ահաբեկչական կազմակերպության հետևորդներ են»,- ասված է ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնի հաղորդագրության տեքստում:
 
Ըստ այդմ, Անդրոպովյան շրջանի բնակիչ դեռահասն անցյալ տարի Telegram-ի միջոցով անդամակցել է միջազգային ահաբեկչական կազմակերպությանը, իսկ հետո ներգրավել նաև ութ անձանց, որոնցից միայն մեկն է 18 տարեկան: Նրանք ծրագրել էին մայիսի 9-ին «Ստավրոպոլի երկրամասի մունիցիպալիտետներից մեկի ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում գործել, բայց մտադրությունն իրականացնել չի հաջողվել, քանի որ նախօրեին ուժայինները ձերբակալել են առաջնորդին, իսկ այնուհետև խմբավորման անդամներին»:
 
Հարուցված է քրեական գործ: Ձերբակալվածներին ներկայացված է ահաբեկչական խմբավորում ստեղծելու, դրան անդամակցելու, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանն աջակցելու մեղադրանք: Նրանց նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը, նախաքննությունը շարունակվում է:
 
Ռուսաստանի պետական քարոզչությունը, որ անձամբ ձևավորում և ուղղորդում է նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի դեմ պատերազմը համեմատում է Մեծ Հայրենականի հետ և պնդում է, որ «նեոնացիզմի դեմ պայքարում ժողովուրդը միասնական և միակամ է»: Ստավրոպոլի երկրամասի Անդրոպովյան շրջանում դեռահասների «ահաբեկչական խմբավորման բացահայտումը» հակառակն է վկայում:
 
Ընդ որում, ԱԴԾ-ն խոստովանում է, որ դեռահասները ոչ թե ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից են հավաքագրվել և ահաբեկչություն իրականացնելու հրահանգ ստացել, այլ նրանցից մեկը կամավոր անդամակցել է «միջազգային ահաբեկչական խմբավորման, ապա ներգրավել ևս ութ անձի»: Ձերբակալված բոլոր ինն անձինք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Նրանց ինքնությունը չի բացահայտվում: Ստավրոպոլի երկրամասը սահմանակցում է Հյուսիսային Կովկասին, որտեղ գրեթե ամեն օր արձանագրվում են «արտակարգ պատահարներ»:
 
Այն դեպքում, երբ Ռուսաստանի նախագահը հպարտանում է ուկրաինական ռազմաճակատում «կռվող տասնյակ հազարավոր կամավորականներով», ԱԴԾ տարածած հաղորդագրությունը փաստում է Վլադիմիր Պուտինի բարոյական պարտությունը. մի երկիր, որի դեռահաս քաղաքացիները ֆաշիզմի դեմ հաղթանակի տոնը ծրագրել էին նշանավորել ոստիկանական բաժանմունքի դեմ հարձակմամբ, չի կարող իրեն հաղթող անվանել: Իսկ թե Ռուսաստանին ի՞նչ է սպասում հետկոնֆլիկտային փուլում, երբ հարյուր հազարավոր «կամավորականներ» կվերադառնան քաղաքացիական կյանքի, նույնիսկ ռուսաստանցի փորձագետներն են դժվարանում կանխատեսել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը