Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հետ ստորագրել է պաշտպանության, առևտրի և ձկնորսության վերաբերյալ համաձայնագրեր


Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հետ ստորագրել է պաշտպանության, առևտրի և ձկնորսության վերաբերյալ համաձայնագրեր

  • 19-05-2025 18:43:31   | Մեծ Բրիտանիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Երկուշաբթի առավոտյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Լոնդոնում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։
 
Կողմերը նոր համաձայնագրեր են կնքել պաշտպանության, սննդամթերքի առևտրի և սահմանային վերահսկողության ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու, ինչպես նաև բրիտանական ջրեր եվրոպական ձկնորսական նավերի մուտք գործելու վերաբերյալ, հաղորդել է Financial Times (FT)-ը։
 
«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի 150 միլիարդ եվրոյի (170 միլիարդ դոլար) պաշտպանական վարկային ծրագրին մասնակցելու հնարավորություն կստանա»,- հաղորդում է պարբերականը։ ԵՄ երկրների ձկնորսական նավերի մուտքն էլ բրիտանական ջրեր երկարացվել է 12 տարով։
 
Լոնդոնն ու Բրյուսելը նաև համաձայնագիր են կնքել Մեծ Բրիտանիայից ԵՄ արտահանվող ապրանքների սանիտարական և բուսասանիտարական վերահսկողությունը պարզեցնելու վերաբերյալ։
 
«Համաձայնագրերը հնարավորություն կտան վերացնելու բյուրոկրատական խոչընդոտները, խթանելու բրիտանական տնտեսության աճը, վերականգնելու հարաբերությունները Եվրամիության հետ՝ 2020 թվականին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո»,- հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը