Երեխաների ինքնավնասող վարքագիծ, ազդակ, որը չի կարելի անտեսել. ԱՆ


Երեխաների ինքնավնասող վարքագիծ, ազդակ, որը չի կարելի անտեսել. ԱՆ

  • 19-05-2025 18:33:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։
 
Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը
 
Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։
Ամենահաճախ հանդիպող ձևերն են.
◾️ կտրվածքները,
◾️ այրվածքները,
◾️ այլ տեսակի ֆիզիկական վնասվածքները։
 
Այս վարքագիծը հաճախ ծառայում է որպես հուզական ցավը, սթրեսը կամ դատարկության զգացողությունը հաղթահարելու մեխանիզմ։
 
Պատճառներ և ռիսկի գործոններ
 
Ինքնավնասող վարքագծի հիմնական պատճառներն են․
 զգացմունքների կառավարման դժվարությունները, հատկապես` սթրեսային կամ կոնֆլիկտային իրավիճակներում,
 տրավմատիկ փորձառություններ՝ բռնություն, բուլինգ, մտերիմ մարդու կորուստ:
 
Ծնողներն ու մանկավարժները պետք է ուշադրություն դարձնեն հետևյալ ախտանշաններին․
անհասկանալի կտրվածքներ, այրվածքներ կամ կապտուկներ,
 տաք եղանակին երկարաթև հագուստի մշտական կրում,
 մեկուսացում, փակվածություն, հետաքրքրությունների կորուստ,
 հաճախակի տրամադրության փոփոխություններ, գրգռվածություն, դեպրեսիվ վիճակ,
 բարկության, դատարկության կամ անզորության զգացումներ:
 
Ինչպե՞ս աջակցել դեռահասին.
 բաց երկխոսություն՝ զրուցե՛ք երեխայի հետ առանց մեղադրանքների,
 մասնագետի օգնություն՝ հոգեբանի կամ հոգեբույժի խորհրդատվությունը կօգնի բացահայտել վարքի պատճառները և մշակել օգնության ծրագիր,
 անվտանգ միջավայրի ստեղծում՝ ընտանիքում ձևավորե՛ք վստահության մթնոլորտ, խուսափե՛ք քննադատությունից և ճնշումից,
 տեղեկացվածություն՝ ուսումնասիրե՛ք ինքնավնասող վարքագծի վերաբերյալ նյութեր երեխայի վիճակը ավելի լավ հասկանալու համար։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն