Լուրերը, թե կառուցված շենքերն առնչություն ունեն Ալեն Սիմոնյանի հետ, սուտ են. «Ալիանս պլազա» ընկերություն
20-05-2025 15:15:55 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. «Ալիանս պլազա» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած դեպքը լուսաբանելիս զանգվածային լրատվական միջոցներով տարածված լուրերն այն մասին, թե քաղաք Երևան, Սարմեն 88 և Սարմեն 86 հասցեներում կառուցված շենքերն առնչություն ունեն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, չեն համապատասխանում իրականությանը։
«Նշված շենքերը կառուցվել են և պատկանում են միայն «Ալիանս 64» ՍՊ ընկերությանը։
Եվ ևս մեկ անգամ հերքում ենք այդ «տաղավարային» խոսակցությունները և հայտնում, որ պարոն Սիմոնյանը ընդհանրապես առնչություն չունի մեր ընկերության հետ, ուստի խնդրում և հորդորում ենք ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում և նման անհիմն ապատեղեկատվություն չտարածել»,- հայտարարել են «Ալիանս 64» ՍՊԸ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը փնտրում էր այն կնոջը, որը Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյունի դեպքի վայրում լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արձագանքելով հարցին, թե պայթյունի վայրում գտնվող շենքի երկու հատվածներում առանձնատուն է կառուցվում, հայտարարել էր՝ «էն կողքը Ալեն Սիմոնյանինն է, ամբողջ ձմեռ տառապեցինք դրա ձեռքին»։
Սիմոնյանը Բաղրամյան 26 հասցե այցելությունից հրապարակած տեսանյութով մանրամասներ էր հայտնել։
Նա նկատել էր․ «Եկա այստեղ, զրուցեցի բնակիչների հետ, հաստատվեց այն, ինչ ես մտածում էի։ Այսինքն՝ շինարարները, որոնք աշխատանքներ են իրականացրել, երբ քաղաքացիները բողոքել են, փորձել են քաղաքացիներին սաստել՝ իմ անունը տալով։ Այն շինարարական կազմակերպությունը, իրական սեփականատերը, որը Բաղրամյան 26-ի շրջակայքում շենքի սեփականատերն է, խնդրում եմ կապվի իմ գրասենյակի հետ»:
Հիշեցնենք՝ երկու պայթյուն էր լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում:
Այնուհետև ՀՀ ներքին գործերի նախարարությունը մանրամասներ էր հայտնել Երևանի կենտրոնում բռնկված հրդեհից․ տեղում պարզվել էր, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել էր 16։50-ին։