ՀՀ–ն 1,5 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Հնդկաստանի, 250 մլն դոլարի՝ Ֆրանսիայի հետ. զեկույց


ՀՀ–ն 1,5 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Հնդկաստանի, 250 մլն դոլարի՝ Ֆրանսիայի հետ. զեկույց

  • 20-05-2025 15:39:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Հնդկական լրատվամիջոցները պարբերաբար հաղորդում են Հայաստանի հետ ռազմատեխնիկական գործարքների մասին, սակայն պայմանագրերի ընդհանուր գումարը երբեք չէր հրապարակվել։
 
Հայաստանը 1,5 մլրդ դոլարի պաշտպանական պայմանագիր կնքել Հնդկաստանի հետ, 250 մլն դոլարի՝ Ֆրանսիայի հետ։ Այս մասին ասվում է Միջազգային գործերով ռուսական խորհրդի (ՄԳՌԽ) հրապարակած վերլուծական նյութում։
 
Ռազմատեխնիկական գործարքների մասին ժամանակ առ ժամանակ հայտնում են նաև հնդկական լրատվամիջոցները, սակայն պայմանագրերի ընդհանուր արժեքը մինչ օրս չէր հրապարակվել: Միաժամանակ պաշտոնական Երևանը Հնդկաստանի հետ գործարքների մասին տեղեկությունները երբեք չի հաստատել։
 
ՄԳՌԽ-ի զեկույցի համաձայն՝ խոսքը 2022-2023թթ. Նյու Դելիի և 2023-2024թթ. Փարիզի հետ կնքված համաձայնագրերի մասին է:
 
Նշվում է, որ հայ-հնդկական պայմանագրերով նախատեսվում է տարբեր սպառազինությունների՝ «Pinaka» 214 մմ համազարկային կրակի ռեակտիվ և «Konkurs» հակատանկային հրթիռային համակարգերի, ականանետների, ինչպես նաև տարբեր զինամթերքի մատակարարում:
 
Երևանը գնել է կամ պետք է ձեռք բերի նաև 155 մմ «ATAGS» հրետանային կայանքներ, ինքնագնաց և քարշակվող հաուբիցներ, «ZADS» հակահրթիռային և «Akash 1S» ՀՕՊ համակարգեր։ Նախատեսվում է նաև MR-SAM հրթիռների և «Akash-NG22» միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի ձեռքբերում։
 
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հետ գործարքին, ապա 2023 թվականին կնքված պայմանագրերի համաձայն՝ Փարիզն արդեն մատակարարել է 24 «Bastion» զրահամեքենա և «Safran» կորպորացիայի արտադրության գիշերային տեսանելիության սարքերի խմբաքանակ։
 
Բացի այդ, համաձայնագրեր են ստորագրվել երեք «GroundMaster 200» ռադիոտեղորոշիչների մասին, որոնք կարող են հայտնաբերել «երկիր-օդ» դասի հրթիռներ:
 
Նույն թվականին բանակցել են նաև «Mistral 3» զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու շուրջ։
 
2024 թվականին Փարիզի և Երևանի միջև կնքվել են նոր պայմանագրեր, որոնց շրջանակում Հայաստանը պատրաստվում էր ֆրանսիական PGM ընկերությունից ձեռք բերել տարբեր մոդիֆիկացիաների գրոհային հրացաններ և Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ։
 
Ի դեպ, հաուբիցների մասին դեռ անցյալ տարի հայտնել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն։
 
Պաշտոնական տվյալներ կան նաև «Ground Master 200» ռադարների և «Mistral 3» համալիրների մասին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը