Շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են նոր հարթակ՝ ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի


 

Շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են նոր հարթակ՝ ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի

  • 20-05-2025 16:23:29   | Շվեյցարիա  |  Մամլո հաղորդագրություն

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում 2025 թվականի մայիսի 26-ին իր աշխատանքներն է մեկնարկելու «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբն՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի մարտի 18-ի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, մանրամասնելով, որ նախաձեռնության նպատակն է աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության՝ միջազգային վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու պատմականորեն բնակված հայ բնակչության անվտանգ և համատեղ վերադարձի շուրջ»:
 
Միջկուսակցական լայն աջակցություն ունեցող հանձնախումբը գլխավորում են Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատտը:
 
Միջոցառման ընթացքում ելույթներ կունենան հանձնախմբի համանախագահները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը և Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության հանրային հարցերով տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը:
 
Հանձնախմբի պաշտոնական կայքը գործում է այս հասցեով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն