Մեծ Բրիտանիան դադարեցրել է Իսրայելի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունները
20-05-2025 19:52:38 | Մեծ Բրիտանիա | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am Մեծ Բրիտանիան դադարեցրել է բանակցությունները Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ Գազայի հատվածում Իսրայելի նոր ռազմական գործողությունից հետո: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Դեյվիդ Լամմին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։
«Ես հայտարարում եմ, որ մենք դադարեցրել ենք բանակցությունները Իսրայելի ներկայիս կառավարության հետ ազատ առևտրի նոր համաձայնագրի շուրջ»,- ասել է բրիտանացի նախարարը՝ հավելելով, որ Լոնդոնը նման քայլի է գնացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողությունների պատճառով, ով արգելափակում է մարդասիրական օգնությունը դեպի անկլավ և սրում ռազմական գործողությունները Գազայում։
Լամմին հավելել է, որ Բրիտանիայում Իսրայելի դեսպան Ցիպի Հոտովելին երեքշաբթի օրը կկանչվի արտաքին գործերի նախարարություն։