ՀՀ–ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, բանակցություններ չեն վարվում. Արարատ Միրզոյան


ՀՀ–ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, բանակցություններ չեն վարվում. Արարատ Միրզոյան

  • 21-05-2025 15:43:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ արտգործնախարարը նշեց, որ հարցը տեղին չէ։
 
Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ` պատասխանելով ռուս լրագրողի հարցին։
 
Լրագրողը նշեց` պաշտոնական Երևանը հայտարարել է, որ ձգտում է ԵՄ անդամակցության, որը բավականին թշնամաբար է վերաբերում ՌԴ–ին, ՀՀ առևտրաշրջանառությունը հիմնականում ՌԴ–ի ու ԵԱՏՄ–ի հետ է, այդ դեպքում ինչպե՞ս է ՀՀ–ն պատրաստվում համատեղել ԵԱՏՄ–ն և ԵՄ ինտեգրումը։
 
«ՀՀ–ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում, հետևաբար հարցը, որ կարող էր ծագել նման զարգացումների պարագայում, տեղին չէ ու չեմ կարող դատողություններ անել»,– հայտարարեց Միրզոյանը։
 
Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։
 
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը