Միրզոյանն ու Լավրովը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորությունները


Միրզոյանն ու Լավրովը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորությունները

  • 21-05-2025 16:31:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում Հայաստանի և Ռուսաստանի փոխշահավետ տնտեսական համագործակցությունը ևս էապես կավելանա:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման համոզմունք հայտնեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում:
 
Միրզոյանը նշեց, որ ՌԴ ԱԳ նախարարի հետ բանակցությունները բավականին ընդգրկուն ու կառուցողական են եղել:
 
«Երկուստեք նշել ենք Երևանի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի և շարունակական քաղաքական երկխոսությունը՝ հիմնված երկու երկրների շահերի ու առաջնահերթությունների վրա»,–ասաց Միրզոյանը:
 
 
Ընթացիկ տարին կշարունակի հագեցած լիներ փոխայցելություններով: Հայաստանում սպասում են նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցին:
 
Միրզոյանը շեշտեց՝ Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում տեսանելի են և էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները: Փոխշահավետ և հաջողված փոխգործակցություն կա ԵԱՏՄ շրջանակում:
 
«Իհարկե, տարածաշրջանի տնտեսական զարգացման ներուժն ամբողջությամբ չի իրացվում: Եվ մենք վստահ ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում մեր փոխշահավետ տնտեսական համագործակցությունը ևս էապես կավելանա: Այս համատեքստում հնարավորություն եմ ունեցել հերթական անգամ ներկայացնել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Քննարկել ենք հնարավորությունները, որոնք կարող են ընձեռվել այդ նախաձեռնության իրագործման պարագայում»,–ասաց ԱԳ նախարարը:
 
Նախարարները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ օրակարգի, հնարավոր հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ:
 
Երկկողմ օրակարգային հարցերին զուգահեռ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին: «Խոսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման հարցում Հայաստանի հետևողական դիրքորոշման մասին: Հույս ենք հայտնել, որ համաձայնագրի կնքման, վավերացման նպատակը կարող է ոչ շատ հեռու ապագայում կյանքի կոչվել: Չնայած այս ճանապարհին առկա բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին՝ Հայաստանը հաստատակամ է և շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,–ասաց Միրզոյանը:
 
Հայաստանի համոզմամբ՝ դա համապատասխանում է անմիջական հարևանությամբ գտնվող բոլոր երկրների շահերին ու հետաքրքրություններին:
 
ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև մեդիա ոլորտին առնչվող հարցերի: «Մասնավորապես անդրադարձել ենք առաջացող խնդիրների պարբերական և ժամանակին հասցեագրման, փոխըմբռնման ապահովման ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու և այդ ջանքերի միջոցով անհարկի, միակողմանի գնահատականներից, միջամտություններից զերծ մնալու կարևորությանը»,–նշեց Հայաստանի ԱԳ նախարարը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը