Մայիսի 21-ին «ավանդույթը» խախտեցի և ներկա գտնվեցի ԱԳՆ շենքի մոտ ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիային: Ինչո՞ւ: Որովհետև Լեռնային Ղարաբաղի պետականության կորուստը, հայ բնակչության բռնատեղահանությունը տեղի է ունեցել ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, որտեղ լայնակտավ պաստառներին գրված էր. «Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է»:
Այդ կարգախոսի, Ռուսաստանի Դաշնության նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հանդեպ հավատն է քառասունչորսօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղ վերադարձրել գրեթե ամբողջ խաղաղ բնակչությանը, որ ադրբեջանական ռմբակոծություններից, հրթիռա-հրետանային թիրախավորումներից փրկվելու համար ապաստանել էր Հայաստանում:
Ակնկալում էի, որ ակցիայի մասնակիցների շարքում կտեսնեմ ստեփանակերտցի գոնե այն մարդկանց, որ տարիներ, տասնամյակներ ի վեր հանդես են եկել որպես եվրոպական, համամարդկային արժեքների կրող և քարոզիչ, համագործակցել արեւմտյան վերլուծական հաստատությունների, տեղեկատվական կառույցների և հանրային շրջանակների հետ: Ավա՜ղ… Ներկա էր միայն մի տիկին, ով այդ մասին ֆեյսբուքում հայտարարել էր նախօրեին, ուստի նրա ինքնությունը չեմ հանրայնացնում:
Նա ձեռքին պահել էր մի համեստ, բայց բազմանշանակ կարգախոսով պաստառ. «Ռուսաստանը խաղաղարար չէ, Ռուսաստանը վաճառական է»: Արցախից բռնատեղաահանված կնոջ այդ գնահատականը լիովին բացահայտում է ԼՂ-ում ռուսական զորախմբի վարքը, որ, անկասկած, քաղաքական ձևակերպում էր ստացել Կրեմլում: Ե՞րբ և ինչպե՞ս, լրջագույն վերլուծության հարց է:
ԱԳՆ շենքին հարող մայթին շոգ էր, հանդիպակացը՝ զոհ, որովետև պաշտպանված է ստվերախիտ ծառերով: Ակցիայի ընթացքում երեք անգամ ծխելու և զովանալու համար մի մայթից մյուսն էի անցնում և ամեն անգամ հանդիպում Արցախից բռնատեղահանված տղամարդկանց:
Ինչո՞ւ նրանցից ոչ ոք ակցիայի մասնակիցների հետ չէր: Չէ՞ որ մասնավոր խոսակցության ժամանակ բոլորն էլ խոստովանում են, որ «ռուսները խաբել են»: Բայց, որքանով հասկացվում է, Երևանում արմատավորված ստեփանակերտյան էլիտան շարունակում է մարդկանց ազատ կամարտահայտության վրա ներգործության ամենատարբեր լծակներ գործադրել:
Ո՞րն է նպատակը: Միայն մի բան, քարոզչա-տեղեկատվական տպավորություն ձևավորել, որ «Արցախից բռնատեղահանվածները քննադատության մի թիրախ ունեն՝ Նիկոլ Փաշինյան»: Ներշնչվում է, որ եթե մարդը, քաղաքացին Արցախից բռնատեղահանված է, ուրեմն «չի կարող կանգնել նրանց կողքին, ովքեր աջակցում են Նիկոլ Փաշինյանին»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին հիշեցնել, որ Արցախն էթնիկ զտման է ենթարկվել, երբ այնտեղ ռուսական զորախումբն էր, ստեփանակերտյան վերնախավի ընկալմամբ նշանակում է լինել «սորոսական»: Հենց այդպես են մարդկանց հեռու պահում այն միջավայրից, որտեղ Լեռնային Ղարաբաղի, բռնատեղահանված բնակչության վերադարձի հարցերը ոչ միայն ավելի հաճախակի, այլև չափազանց լուրջ կտրվածքով են քննարկվում, քան «վրանապետությունում» կամ Նաիրի Զարյան 17/1-ի «ուղեղային կենտրոնում»:
Վատ է, երբ բռնատեղահանված մարդկանց մեծ մասն ԱԳՆ մոտ ակցիային «հեռավար է մասնակցում», լավ է, որ մի տիկին երկու հարազատների հետ այնտեղ էր: Ամեն ինչ սկսվում է ՄԵԿ-ի ինքնաբացահայտումից: