Մոսկվան ու Երևանն անկեղծորեն քննարկում են զանազան հարցերում առկա դիրքորոշումների տարբերությունները․ Լավրով


Մոսկվան ու Երևանն անկեղծորեն քննարկում են զանազան հարցերում առկա դիրքորոշումների տարբերությունները․ Լավրով

  • 21-05-2025 18:28:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բնորոշմամբ՝ Մոսկվան և Երևանը հնարավորինս բաց քննարկում են այն հարցերը, որոնց վերաբերյալ երկու պետությունների դիրքորոշումները տարբերվում են։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստան կատարած այցի շրջանակներում Հայ-ռուսական համալսարանում ունեցած ելույթի ընթացքում։
 
«Ես անմիջապես կցանկանայի ասել, որ մեր ղեկավարների հանձնարարականին համապատասխան, մենք չափազանց բաց քննարկում ենք ոչ միայն այն, ինչը դրականորեն է ընկալվում երկու մայրաքաղաքների կողմից և ծառայում է փոխշահավետ նախագծերի կառուցմանը, այլև այն թեմաները, որոնց վերաբերյալ մենք տարբեր տեսակետներ ունենք տեղի ունեցողի, մասնավորապես՝ Հարավային Կովկասում զարգացող գործընթացների վերաբերյալ», – ասել է Լավրովը։
 
Նա նաև հավելել է, որ վերջին տարիներին Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններում նրբություններ են առաջացել դիրքորոշումներում, թե ինչպես են կողմերը տեսնում հարաբերությունների, դաշնակցային և ռազմավարական գործընկերության հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում։
 
«Եվ այսօր մենք հետևում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև անցյալ աշնանը կայացած հանդիպմանը, երբ մեր առաջնորդները համաձայնեցին ամբողջությամբ վերականգնել շփումները բոլոր ոլորտներում, քանի որ հանդիպումից առաջ դրանք մի փոքր թուլացել էին։ Եվ առաջնորդների համաձայնությունից հետո, ես այս տարվա հունվարին Մոսկվայում ընդունեցի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, և հիմա մենք այստեղ ենք պատասխան այցով», – հայտնել է ՌԴ ԱԳ նախարարը։
 
Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան է այցելել մայիսի 20-ին, իսկ արդեն մայիսի 21-ին նա հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ հանդես գալով համատեղ մամուլի ասուլիսով։ Նախատեսվում է, որ ՌԴ ԱԳ նախարարը հանդիպում կունենա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը