Իլհամ Ալիևը շարունակում է Երևանին ներկայացվող պահանջները. պայմանագրում չկա՞ թակարդ
21-05-2025 18:42:48 | | Իրավունք
1in.am Մինչ Հայաստանում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Թուրքիայում տեղի է ունենում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ համաժողով, որի մասնակիցներին ուղերձ է հղել Իլհամ Ալիևն ու հայտարարել է, թե Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում ներկայացնի «արևմտյան ադրբեջանցիների» այսպես կոչված «վերադարձի» ժամկետների և մեխանիզմի վերաբերյալ:
Ալիևը հայտարարել է, որ երբեք չեն հրաժարվելու այդ օրակարգից: Ադրբեջանը առաջին անգամը չէ, որ նախագահական մակարդակով է ձևակերպում հարցադրումը: Բայց հենց այն, որ դա կրկնվում է և ստանում, ըստ էության, պարբերական բնույթ, առավել լրջացնում է հարցն ու դարձնում այն մտահոգիչ: Մի կողմից սա հնարավոր է վերագրել «ներքին սպառման՝ համարելով, որ գործնական մակարդակում Ադրբեջանը չի դնում այդպիսի հարց:
Բայց, խնդիրն այն է, որ գործնական մակարդակում այդ հարցի առկայության մասին վկայություններ են եղել 2023 թվականի մայիսին Վաշինգտոնում և հուլիսին Մոսկվայում հանդիպումների համատեքստում: Ալիևը նախօրեին Հունգարիայում Օրբանի հետ ասուլիսում հայտարարել էր, թե Հայաստանի առաջ դրված է երկու նախապայման և խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար դրանց կատարումը Բաքուն համարում է պարտադիր: Իսկ հետո արդյո՞ք «պարտադիրների» շարքում չի հայտնվի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը:
Այստեղ է, որ կարևոր է դառնում խաղաղության համաձայնագրի տեքստի բովանդակությունը: Արդյո՞ք այդ բովանդակության մեջ չկան ամրագրումներ, որոնք կարող են Ադրբեջանի համար հետագայում հիմք ծառայել «արևմտյան ադրբեջանցիների» հարցում Երևանին մեղադրանք ու պահանջներ ներկայացնելու համար, այդ կերպ փաստացի ստեղծելով խաղաղության պայմանագրի խախտման մասին խոսելու «հիմքեր»:
Հարցն այն է, որ, եթե չկա որևէ այսպես ասած իրավապայմանագրային «թակարդ», ապա «Արևմտյան Ադրբեջանի» մասին Իլհամ Ալիևի հայտարարությունները պարզապես պետք է նույն հետևողականությամբ էլ շրջել նրա դեմ, որպես Հայաստանի հանդեպ հավակնությունների ակնառու դրսեւորում: Բայց, եթե «խաղաղության պայմանագրի» տեքստում կան ձևակերպումներ, որոնք առնվազն կարող են լինել այսպես ասած տարբեր մեկնաբանությունների ենթակա, ապա այստեղ արդեն Ալիևի հայտարարություններին ուշադրություն չդարձնելը հավասարազոր կլինի «ջայլամային» կեցվածքի: