Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Լա Բոհեմը» բելվեդերի բացման հանդիսավոր արարողությանը


Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Լա Բոհեմը» բելվեդերի բացման հանդիսավոր արարողությանը

  • 22-05-2025 17:13:00   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի կապակցությամբ, Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում տեղի է ունեցել ի պատիվ մեծ արտիստի հայտնի երգի անվանկոչված «Լա Բոհեմը» բելվեդերի՝ թաղամասից Փարիզի վրա բացվող լավագույն տեսարաններից մեկն ունեցող վայրի բացման հանդիսավոր արարողությունը։
 
Միջոցառմանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրանը։ Իր խոսքում դեսպան Խաչատրյանը շնորհակալության է հայտնել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին և Փարիզի ողջ քաղաքային խորհրդին անվանակոչման վերաբերյալ բանաձևի ընդունման համար՝ ընդգծելով համաշխարհային մեծության արտիստի հիշատակը հավերժացնող հերթական այս նախաձեռնության կարևորությունը։
 
Նա հավելել է, որ Ֆրանսիան և ֆրանսիականությունը մարմնավորող, բայց միևնույն ժամանակ համայն հայ ժողովրդին ներկայացնող աշխարհահռչակ արվեստագետը Հայաստանի անկախությունից հետո դարձել էր Հայաստանի պետականության անդավաճան ուղեկիցը՝ դառնալով նաև նրա պաշտոնական դեսպանը, ազգային հերոսը, և իր անմնացորդ նպաստը բերելով հանուն Հայաստանի իրականացվող բոլոր նախաձեռնություններին։
 
Արարողությանը ներկա էին Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, Փարիզի փոխքաղաքապետեր Կարին Ռոլանը և Լորանս Պատրիսը, Փարիզի 18-րդ շրջանի քաղաքապետ Էրիկ ԼեԺուենդրը, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, թաղամասի բնակիչներ։
 
 Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն