22-05-2025 18:58:14 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Որևէ Զանգեզուրի միջանցք չի լինելու, լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: Իսկ հարցը վերաբերել է Թուրքիայի և Ադրբեջանի հայտարարություններին, որոնք «Զանգեզուրի միջանցքի» մասին են: Իրանի դիրքորոշումն, իհարկե, այս հարցում հայտնի է, բայց հետաքրքիր է՝ Թեհրանը այդպիսով փոխանցում է Երևանի հետ քննարկումների ու հավաստիացումների՞ հանգամանքը, թե՞ հակառակը՝ սաստում է, որ թույլ չի տա այդպիսի որևէ հեռանկար:
Առաջին հայացքից Իրանի հայտարարությունները հնչում են հստակ ու միարժեք, բայց խորքային առումով պատկերը, թերևս, այլ է, կամ համենայն դեպս՝ պարունակում է հարցեր: Օրինակ, Իրանն ինչպե՞ս է վերաբերում այն առաջարկներին, որ Երևանն է արել Բաքվին և սպասում է դրանց պատասխանին, ինչպես հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանն այդ առաջարկների մասին իրազեկե՞լ է Թեհրանին, դրանք համաձայնեցվա՞ծ են այդ հարցերում զգայուն հարևանի հետ, թե՞ ոչ: Անցնող օրերին Երևանը երկու ուղղությամբ ունեցել է շփումներ, որոնց համար ճանապարհների կամ «միջանցքի» հարցը զգայուն է, բայց, ըստ էության, հակադիր զգայունությամբ: Երևանը վարչապետի մակարդակով մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովին և այնտեղ անկասկած քննարկել այդ հարցը, որը ներկայումս շատ կարևոր է դիտվում Եվրամիության համար՝ Բրյուսելը բաց տեքստով է խոսում այդ մասին, ինչպես նաև Թուրքիայի համար՝ որի նախագահն էլ նույն բաց տեքստով խոսել էր այդ մասին Բուդապեշտում կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովին: Դրան զուգահեռ, Հայաստանի ԱԽ քարտուղարը Իրանում էր՝ միջազգային համաժողովի մասնակցելու առիթով, որի շրջանակում հանդիպումներ է ունեցել Իրանի արտգործնախարարի և նախագահի հետ:
Ի դեպ, Թեհրանում է եղել նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը, որը նաև հասցրել է մասնակցել Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովին, ներկա լինել դրա շրջանակում Փաշինյան-Ալիև զրույցին: Նախօրեին էլ Երևան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարը: Այստեղ սրվե՞լ է երկու հակադիր դիրքորոշումների պայքարը: Արդյո՞ք դրա համար է նաև ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն համարում, որ կա հայ-ադրբեջանական կոնֆլիկտի բռնկման ռիսկ: Նախօրեին Հայաստան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, որը վերջին շրջանում նաև հաճախակի շփումներ է ունենում Մարկո Ռուբիոյի հետ: Նրանք հեռախոսազրույց էին ունեցել ընդամենը օրեր առաջ:
Երբ Ռուբիոն հայտարարում է, որ ԱՄՆ ջանք է գործադրում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի բռնկումը կանխելու համար, այդ ջանքը Ռուսաստանի հետ համակարգվա՞ծ է, թե՞ ոչ: Վեջին հաշվով, շատ կարևոր է, երբ Իրանի դեսպանը, կամ որևէ պաշտոնյա խոսում է, որ «Զանգեզուրի միջանցք չի լինի»: Բայց առանցքային հարցն ի վերջո դա չէ, այլ այն, թե՝ իսկ ինչ կլինի: