1in.am Սանկտ Պետերբուրգում օրերս կայացած «Միջազգային իրավաբանական խորհրդաժողովի» արդյունքներով մամուլի ասուլիսին ՌԴ նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովը հայտարարել է, որ Խորհրդային Միության լուծարումն իրավական առումով լեգիտիմ չէ: Ըստ նրա՝ ԽՍՀՄ-ը կազմավորվել է խորհուրդների համագումարում և պետք է լուծարվեր ժողովրդական պատգամավորների համագումարում, ինչը տեղի չի ունեցել: Ռուսաստանի նախագահի խորհրդականը նաև ասել է, որ միութենական հանրապետությունների Գերագույն խորհուրդները ԽՍՀՄ լուծարման պայմանագիրը վավերացնելու իրավասություն չեն ունեցել:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ արձագանքելով Կոբյակովի դիտարկումներին, ՌԴ պետդումայի ընտանիքի պաշտպանության հարցերի կոմիտեի նախագահ, խորհրդարանի կոմունիստական խմբակցության անդամ Նինա Օստանինան ասել է, որ 1991 թվականի մարտի 17-ի հանրաքվեով ԽՍՀՄ բնակչության մեծամասնությունը քվեարկել է միասնական-միութենական պետության պահպանման օգտին: Նա ընդհանրացրել է, որ ԽՍՀՄ լուծարումն ապօրինի է, և պետդումայի պատգամավորները պատրաստ են այդ հարցը բարձրացնել:
Խնդիրը, այսպիսով, քաղաքական առումով ձեւակերպված է, Ռուսաստանի նախագահը և պետական դուման ԽՍՀՄ լուծարման անօրինականության հարցում միակամ են: Մնացածն, ինչպես ասում են՝ ժամանակի և տեխնիկայի հարց է: Մանավանդ որ Պուտինի խորհրդական Կոբյակովն ասել է, որ իրավական առումով ռուս-ուկրաինական պատերազմը ոչ թե միջազգային, այլ ներքին հակամարտություն է: Եթե ասվածը դիվանագիտականից փոխադրենք առօրյա խոսույթի, ապա Կոբյակովը փաստացի չի բացառում, որ Ռուսաստանը նման «ներքին հակամարտություն» կարող է ունենալ նաև նախկին խորհրդային այլ հանրապետության հետ:
Եվ դա «օդի տատանում» չէ, այլ շատ հավանական զարգացման անոնս: Այն բացառելու հարցում մերձբալթյան երեք պետությունները պաշտպանված են ոչ միայն Մոլոտով-Ռիբենտրով պակտը միջազգային իրավունքին հակասող և առ ոչինչ ճանաչելու մասին ԽՍՀՄ ժողպատգամավորների համագումարի որոշմամբ, այլև ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցությամբ:
Այս առումով ի՞նչ «զրահ» ունի Հայաստանը: Ինչպես հայտնի է, 1990 թվականի ապրիլի 3-ին ուժի մեջ է մտել ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու ընթացակարգը սահմանող օրենքը, որ միութենական հանրապետությանն օժտում էր ԽՍՀՄ-ից անկախանալու հանրաքվեի անցկացման իրավասությամբ: Այդ օրենքի ուժով Հայաստանը չի մասնակցել ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեին, կայացրել է անկախության հանրաքվե անցկացնելու որոշում: Այն կայացել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, որի արդյունքներով էլ Հայաստանը հռչակվել է ԽՍՀՄ-ից անկախ պետություն:
Եթե Ռուսաստանի պետական դուման ԽՍՀՄ լուծարման անօրինականության հիմնավորում ընդունի 1991թ. մարտի 17-ի հանրաքվեի արդյունքները, ապա դրանք Հայաստանի նկատմամբ իրավական ուժ չեն ունենա, որովհետև Հայաստանն այդ հանրաքվեին չի մասնակցել, և այդ իրավունքը ԽՍՀՄ բարձրագույն իշխանության կողմից ճանաչվել է: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը ԽՍՀՄ պահպանման հանրաքվեին մասնակցել է և մոտ 90 տոկոսով «այո» է ասել միութենական-միասնական պետության պահպանմանը:
Նույն տարվա հոկտեմբերի 18-ին ընդունելով «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը՝ Ադրբեջանը չի նախաձեռնել ԽՍՀՄ-ից անկախանալու հարցով հանրաքվե և, ըստ էության, անկախ է ճանաչվել ԽՍՀՄ փլուզումից հետո: Ըստ այդմ, եթե առաջնորդվելու լինենք զուտ իրավական սկզբունքներով, ապա պետք է արձանագրել, որ Ադրբեջանը շարունակում է մնալ Խորհրդային սոցիալիստական հանրապետություն՝ ԽՍՀՄ կազմում: Ի դեպ, նույն կարգավիճակն ունեն նաև Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները, որտեղ նույնպես ԽՍՀՄ-ից անկախանալու հարցով հանրաքվե չի անցկացվել:
Ռուսաստանի նախագահի խորհրդական Կոբյակովի, պետական դումայի կոմիտեի նախագահ Օստանինայի հեռացրած տեսակետները թույլ են տալիս ենթադրել, որ եթե ոչ «այստեղ և այժմ», ապա տեսանելի ապագայում Մոսկվան ակտուալացնելու է ԽՍՀՄ լուծարման ապօրինի ճանաչելու հարցը: Հայաստանն այսօր արդեն պետք է նախապատրաստվի այդ իրավա-քաղաքական «ճակատամարտին»: