Ինչո՞ւ չի նորոգվում Արին Բերդի խաչմերուկը. Երևանի քաղաքապետի խոսնակի պարզաբանումը
23-05-2025 13:53:23 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը նշել է, որ Արին Բերդի փողոցի հիմնանորոգման համար նոր մրցույթի կհայտարարվի, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն։
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոց տանող խաչմերուկը չի հիմնանորոգվել, քանի որ մրցույթին հայտ չի ներկայացվել։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը` անդրադառնալով այսօր ավելի վաղ տեղի ունեցած բողոքի ակցիային։
«Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը Երևանի քաղաքապետարանի կողմից 2025 թվականի ապրիլի 30-ին դրվել են մրցույթի: Սակայն մրցույթին հայտ չի ներկայացվել։ Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն»,–գրել է Կոստանյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան մոտ 2 ժամ Արին Բերդի փողոցը բնակիչները փակել էին հայտնի «Տեցի կռուգը»՝ բողոքելով քարուքանդ ճանապարհից։
Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը հանդիպել էր ցուցարարների հետ և անձամբ տեղեկացրել չկայացած մրցույթի մասին։
Նա խոստացել էր ժամանակավորապես խորը փոսերը գոնե «տաշվածքով լցնել», ինչից հետո բողոքի ակցիան դադարեցվել էր։