1in.am Գերմանիայի կանցլեր Մերցը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, որի ընթացքում խնդրել է աջակցել Ուկրաինայի հարցում արագ հրադադարին: Մերցի հեռախոսազրույցը փաստորեն հաջորդում է Մակրոն-Սի Ցզինպին հեռախոսազրույցին, որ կայացել էր նախօրեին և դարձյալ շոշափել նաև ուկրաինական հարցը:
Ֆրանսիայի նախագահը գրառում էր արել, որ Փարիզն ու Պեկինը համակարծիք են ուկրաինական պատերազմի հրադադարի հասնելու հարցում: Միևնույն ժամանակ պարզորոշ չէ, թե ընդհանուր այդ համակարծիքության հանգամանքը ինչպիսին է դետալային առումով: Ուկրաինական հարցում կարևորը դետալներն են, այլ ոչ թե ընդհանուր հայտարարությունները: Իսկ դետալային եղել է մայիսի 8-ին Մոսկվա-Պեկին բարձր մակարդակի բանակցությունն ու դրան հաջորդած հայտարարությունները, ռուս-չինական երկկողմ հարաբերությունների և միևնույն ժամանակ նաև համաշխարհային ռազմավարական բալանսի վերաբերյալ:
Չինաստան Ֆրանսիայի նախագահի, իսկ հետո Գերմանիայի կանցլերի հեռախոսազանգերը վկայում են թերևս, որ Եվրոպան «կորցրել» է հույսը ԱՄՆ-ից: Հատկանշական է, որ զանգերը տեղի են ունենում Թրամփ-Պուտին հեռախոսազանգից հետո Եվրոպայի առաջնորդների հետ Թրամփի հեռախոսազրույցներից հետո: Այդ հեռախոսազրույցների առնչությամբ արևմտյան մամուլում հրապարակումները, ըստ էության այն մասին էին, որ ԱՄՆ նախագահը եվրոպացի առաջնորդներին հայտնել է ուկրաինական պատերազմի դադարեցման բեռը նրանց «փոխանցելու» մասին, եթե, իհարկե, նրանք պատրաստակամ չեն ընդունել այն մոտեցումները, որ ունի Թրամփն ու որոնցով փորձում է պայմանավորվել Պուտինի հետ:
Եվրոպացի առաջնորդները, թերևս, համոզված են, որ Թրամփի հետ բանակցությունում Պուտինի դիրքերի ամրությունը զգալիորեն կախված է Չինաստանից: Բայց նրանց կհաջողվի՞ համոզել Չինաստանին՝ գործել իրենց տրամաբանությամբ, այլ ոչ թե Պուտին-Թրամփ գործընթացի: Դատելով հանգամանքից, որ Ֆրանսիայի նախագահից հետո Չինաստան է զանգահարում նաև Գերմանիայի կանցլերը, հնարավոր է եզրակացնել, որ գործնականում խնդիրը բավականին բարդ է: Համենայն դեպս, Եվրոպան, որ նախորդ տարի այս շրջանում փորձում էր առևտրային վերջնագրեր ներկայացնել Պեկինին՝ երբ Չինաստանի նախագահը ժամանել էր Փարիզ, այժմ թերևս պետք է փորձի ներկայացնել առաջարկներ: Այստեղ մեզ համար առավել ուշադրության առարկա կլինի այն, թե այդ հարցում ինչ դեր ու բնույթ կարող է ունենալ Կովկասը: