Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին


Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

  • 24-05-2025 12:22:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Մայիսի 24-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։
 
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
 
«Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- ասվում է գրառման մեջ:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավվածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։ Կիրառվել են անօդաչու սարքեր և փրկարար նավակներ, աշխատում են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, մինչ օրս որոնումներ են իրականացնում ջրասուզակները:
 
Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի՝ 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Մայիսի 7-ին Մարմարիկ գետի հոսքը մասամբ կանգնեցվել էր, հատուկ նավակներ ու սարքեր էին իջեցվել ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը