Ադրբեջանը պատրաստում է նոր «գրոհ». Հայաստանը չպետք է թերագնահատի այն
24-05-2025 15:50:41 | | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Չկա թերևս աշխարհաքաղաքական ուժային որևէ կենտրոն, որը հետաքրքրված է Կովկասով և չի խոսել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին: Այդ մասին խոսակցությունների առատությունը, սակայն, ոչ միայն չի նվազեցնում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նախապայմանները, այլ հակառակը՝ Ադրբեջանը պարբերաբար կրկնում է դրանք և, որպես կանոն, հավելում նորերը: Ընդ որում, ավելանում է ոչ միայն քանակը, այլ նաև բնույթը:
Օրինակ, օրերս Հայ Առաքելական եկեղեցուն էր թիրախավորել Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն, որը Հայ Առաքելական եկեղեցին հռչակել էր ռեգիոնալ սպառնալիք, հայտարարելով, թե եկեղեցական կոթողները յուրացված են: Մայր Աթոռը արձագանքել է Փաշազադեի այդ հայտարարությանը՝ ներկայացնելով դրանց կեղծ ու սադրիչ բնույթը: Սակայն սա ամենևին այսպես ասած դավանական կառույցների միջև հարց չէ, այլ քաղաքական, դավանա-քաղաքական մարտահրավեր, որ Փաշազադեն հրապարակ է բերում, անկասկած, ոչ առանց Բաքվի իշխանության թելադրանքի:
Սա բազմաշերտ մարտահրավերի աղբյուր է, որը կարող է պարունակել բավականին լայնաճակատ ռիսկ: Հետևաբար, սրա հանդեպ արձագանքը չի կարող սահմանափակվել միայն Մայր Աթոռի պատասխանով, որքան էլ այն օպերատիվ է ու դիպուկ: Իհարկե, հարցն այն չէ, որ պետք է պատասխանել անընդհատ ու նաև այլ մակարդակներով: Պետք է պարզապես մշակել բազմամակարդակ դավանա-քաղաքական հակազդեցության համակարգ, անցնելով Բաքվից առաջ՝ հակազդեցության տրամաբանության մեջ:
Ադրբեջանը, անշուշտ, լավ է պատկերացնում ժամանակակից աշխարհաքաղաքական միջավայրում դավանա-քաղաքականության աճող դերը, և Հայ Առաքելական եկեղեցու թիրախավորումը ամենևին լոկ տեղեկատվա-քարոզչական բաղադրիչ չէ: Ընդ որում, ՀԱԵ-ն հռչակելով իբրև թե ռեգիոնալ սպառնալիք՝ Փաշազադեն թերևս ամենևին չի սահմանափակվելու կովկասյան ռեգիոնով և հայկական դավանա-քաղաքական բաղադրիչը թիրախավորվելու է նաև ավելի լայն ընդգրկումով, ներառյալ մերձավորարևելյան ուղղությունը, որտեղ հայկական դավանաքաղաքական բաղադրիչը էականը գործոն է միջազգային քաղաքականության համատեքստում:
Այստեղ, իհարկե, Հայաստանի հակազդեցությունը պետք է լինի ասիմետրիկ տրամաբանությամբ: Այլ կերպ ասած, Ադրբեջանի կեղծիքի մերկացումը, իհարկե, պետք է կրի օպերատիվ և պարբերական բնույթ, բայց նաև պետք է համապարփակ ռազմավարական աշխատանք՝ եկեղեցու, պետության ու նաև սփյուռքյան կառույցների ներուժի համադրմամբ և համակարգմամբ՝ աշխատելով խոշոր խաղացողների հետ, քանի որ հենց նրանց է հասցեագրում իր կեղծիքը և դրա վրա կառուցված գրոհը Ադրբեջանը: Սա ամենևին լոկ տակտիկական դիմակայության հարց չէ, հետևաբար դրան պետք է մոտենալ առավել լուրջ և հայեցակարգված՝ վեր կանգնելով միջինստիտուցիոնալ և միջանձնային հնարավոր բաժանարար գծերից: