Էրդողանն ու Ալիևը կգա՞ն Երևան


Էրդողանն ու Ալիևը կգա՞ն Երևան

  • 24-05-2025 17:06:02   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը կկայանա Երևանում, ինչպես հայտարարել է վարչապետ Փաշինյանը: Ընդ որում, այդ որոշումը կայացվել է Ադրբեջանի հետ պարիտետային համաձայնությամբ: Բաքուն չի առարկել Երևանում անցկացնելուն, իսկ 2028 թվականին էլ գագաթնաժողովը կանցկացվի Բաքվում:
 
Իսկ նախաձեռնությունը եղել է Երևանինը, ինչպես փաստել է Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը, որն իր գրառումով շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախաձեռնությանն աջակցած երկրներին: Փաստորեն, 2026 թվականի գարնանը Երևանում տեղի կունենա ներկայացուցչական միջազգային խոշոր միջոցառում՝ եվրոպական գագաթնաժողով: 2026 թվականը Հայաստանում ընտրական տարի է, և գագաթնաժողովը կանցկացվի դե ֆակտո ակտիվ ընտրական փուլում, թեև քարոզչությունը մեկնարկած չի լինի պաշտոնապես:
 
Եվ կասկած չկա, որ խոշոր միջոցառումը Երևանի համար կլինի նախընտրական քարոզչության առիթ, պրոդուկտ, որպես դիվանագիտական ձեռքբերում, որպես իշխանության միջազգային հեղինակության վկայություն և այլն: Թե ինչ հավելյալ արդյունք կտա այդ հնարավորությունը, միարժեք ասել բարդ է, բայց գրեթե չկա կասկած, որ Եվրոպական քաղաքական համայնք գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացնելու հայաստանյան նախաձեռնությանը հավանությունը տրվել է թերևս նաև այդ ամենը նկատի ունենալով:
 
Էական կամ ինտրիգային հարցերից մեկն այն է, բնականաբար, թե արդյո՞ք երևանյան գագաթնաժողովին կմասնակցեն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Գուցե դա պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե ինչ զարգացում կլինի հայ-ադրբեջանական գործընթացում: Մինչ այդ գագաթնաժողովը ստորագրված կլինի՞ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, թե՞ ոչ: Նկատեմ, որ նախորդ տարի նոյեմբերին, օրինակ, Ադրբեջանը որևէ դիվանագիտական զիջման չգնաց Cop29-ին Հայաստանի բարձր մակարդակի մասնակցության հնարավորություն ստեղծելու համար:
 
Երևանը չմասնակցեց Բաքվում կայացած այդ միջոցառմանը, թեև դրա հնարավորությունը Բաքուն ստացել էր հենց այն բանի շնորհիվ, որ Երևանը չէր առարկել: Ադրբեջանը հայտարարեց, որ չմասնակցելը Երևանի խնդիրն է, այլ ոչ թե իր՝ չգնալով դիվանագիտական որևէ փոխզիջման: Ակնառու է, որ պաշտոնական Երևանը փորձում է ստանալ խաղաղության պայմանագրի ստորագրում՝ այն որպես ձեռքբերում ընտրողներին ներկայացնելու համար: Այդ ձգտումը պարզորոշ արտահայտվել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում թուրքական մեդիայի հետ Հայաստանի ԱԳ նախարարի զրույցից:
 
Բայց Ադրբեջանը հայտարարում է, որ չի հրաժարվի ստորագրման համար դրվող իր նախապայմաններից: Պետք չէ բացառել եւ այն, որ ԵՔՀ գագաթնաժողովը Երևանում անցկացնելու հայաստանյան նախաձեռնությունը բավարարելու որոշումը կայացվել է նաև այն նկատառումով, որ պայմանագրի ստորագրումը չի լինելու իրատեսական, հետևաբար դիտարկվել է Հայաստանի իշխանությանը նախընտրական քաղաքական աջակցության այլ՝ գագաթնաժողովի տարբերակը: Բոլոր դեպքերում, ողջունելի է անշուշտ, որ Հայաստանը կլինի միջազգային ներկայացուցչական բարձր մակարդակի միջոցառման վայր: Մյուս կողմից, էական է, թե այդ միջոցառումը ինչ քաղաքական արդյունք կապահովի:
 
Ի վերջո, 2018-ի հոկտեմբերին էլ Երևանը խոշոր՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման վայր էր, որն, իհարկե, հաճելի էր, ոգևորող, ուրախալի, նաև այսպես ասած «նյուզմեյքերական», բայց անցկացնող երկրի համար քաղաքական արդյունքի տեսանկյունից՝ առնվազն անորոշ: Հետևաբար, շատ կարևոր է, թե խոշոր միջոցառում ընդունող երկիրն ինչ աշխատանք է տանում կազմակերպման բովանդակային, օրակարգային մասով: Այդ իմաստով էլ առավել, քան կարևոր է, որ Երևանի համար էական լինի սպասվելիք գագաթնաժողովի ոչ թե տեղեկատվա-քարոզչական էֆեկտը, այլ նաև քաղական, ինչի համար, իհարկե, պահանջվելու է այլ որակի ու բնույթի նախապատրաստական աշխատանք:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը