Չտարանջատելով գիտությունը քաղաքականությունից՝ «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» անցկացրեց «Ուժեղ պետություն» խորագրով գիտաժողովը


 

Չտարանջատելով գիտությունը քաղաքականությունից՝ «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» անցկացրեց «Ուժեղ պետություն» խորագրով գիտաժողովը

  • 02-06-2025 13:25:27   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայաստանի առաջին հանրապետության օրը՝ մայիսի 28–ին, «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» հրավիրել էր «Ուժեղ պետություն» ՝ մարտահրավերներից մինչև հնարավորություններ խորագրով գիտաժողովը։ 
 
Մասնակից քաղաքական, հասարակական ու գիտական գործիչները հավաքվել էին քննարկելու Հայաստանի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները և գտնել ու առաջարկել լուծումներ։ 
 
Ինչպես գիտաժողովի բացման իր խոսքում նշեց «Հայաստանի շնորհապետական կուսակցության» նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանը, քաղաքականությունը չպետք է կտրված լինի գիտությունից, իսկ գիտության մարդկանց արժեքավոր մտքերն ու գաղափարները պետք է դրվեն շրջանառության մեջ, որպեսզի դրանց արդյունքում ծնվի ճշմարտությունը։ 
 
Ինքնիշխանությունը և պետության ռազմավարական ընտրանու գործունեության սիներգիային նվիրված իր զեկույցում՝ Գ․ Սիմոնյանն ընդգծեց, որ ինքնիշխանությունն ինքնանպատկ չէ, այլ առաջին հերթին անվտանգության հարցի լուծում։ 
 
«Ինքնիշխանությունը որպես կայուն համակարգ՝ չի կարող հաստատուն ընթանալ հարաբերական ուժի համատեքստում, այն պետք է ձգտի առավելագույնի, ամենակազմակերպված իրողությունների և ի վերջո դառնա ուժեղ պետություն, որը միակ գործիքն է, որը ուրիշի օրենքը փոխարինելու է օրենքի ուժով»,– ընդգծեց Գ․ Սիմոնյանը։ 
 
Նրա փոխանցամբ՝ գիտնականների, ուսումնասիրողների վերլուծությունները ցույց են տվել, որ ինքնակազմակերպման  բարձր մակարդակն է հնարավորություն տալիս, որպեսզի պետությունները կարողանան արդյունավետ կառավարման ապարատի միջոցով առողջ որոշումների կայացման շնորհիվ կայացնել իրական ու ուժեղ պետություններ։ 
 
Ինքնակազմակերպման բարձր մակարդակն ըստ Սիմոնյանի՝ ենթադրում է, որ տվյալ պետության ռազմավարական ընտրանին չպետք է սեփական շահը բարձր դասի պետական շահից։ 
 
Գիտաժողովի մեկ այլ զեկուցող, անվտանգային ոլորտի փորձագետ Հրաչյա Արզումանյանն էլ ընդգծեց, որ ուժեղ պետությունը ենթադրում է համապարփակ անվտանգություն, երբ ողջ ժողովուրդը դառնում է պաշտպանության և անվտանգության համակարգի մաս և պատերազմի դեպքում մասնակցում պատերազմին։   
 
«Խոսքը միայն  ռազմական գործողությունների մասին չէ, այլ հասարակական կյանքի բոլոր ուղղությունների՝ տնտեսական անվտանգությունից մինչև տեղեկատվական անվտանգություն»,– նկատեց Հ․ Արզումանյանը՝ հավելելով, որ այս համատեքստում չպետք է առանձնացնել Հայաստանում և Հայաստանից դուրս ապրողներին, այլ պետք է պետությունը կարողանա օգտագործել համայն հայության ներուժը։ 
 
«Եթե մենք ուզում ենք պաշտպանել Հայաստանը, մենք պետք է պատրաստենք ամեն հայի, ով գիտի իր դերն ու անելիքը պատերազմի և ճգնաժամի ժամանակ, դա բավականին դժվար խնդիր է, բայց ինչպես ցույց է տալիս այլ երկրների օրինակը, լուծելի է։ Ինձ ուրախացնում է, որ հայկական հասարակությունում արդեն ձևավորվել են խմբեր, ռազմամարզական հասարակական կազմակերպություններ, որոնք այդ ուղղությամբ աշխատում են։ Իսկ պետական հաստատությունները պետք է ընդունեն, որ ժամանակն է փոխակերպելու աշխատելաոճը»,– եզրափակեց Հ․ Արզումանյանը։ 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն