Հանրային լայն կոնսենսուսի պարագայում նման թեմաները կարող են կյանքի կոչվել. Անդրանիկ Քոչարյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին


 

Հանրային լայն կոնսենսուսի պարագայում նման թեմաները կարող են կյանքի կոչվել. Անդրանիկ Քոչարյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին

  • 29-05-2025 18:09:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Կարծում եմ՝ հանրային լայն կոնսենսուսի պարագայում նման թեմաները կարող են կյանքի կոչվել, և քանի դեռ այդ կոնսենսուսը կաղում է կամ բացակայում է, դա պետք է անցնի քննարկումների բավականին երկար ճանապարհ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ավելի վաղ տեղի ունեցած ԱԺ հանձնաժողովի նիստին, որի շրջանակում քննարկվել էր պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած՝ զինծառայությանն առնչվող նախագիծը:
 
«Պետք է ունենանք ժամանակակից բանակ, մեր բոլոր ռեֆորմները պետք է նպատակադրված, ուղղված լինեն այս խնդիրների լուծմանը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ պետք է, խնդիրներ լուծելով, շարժվել այն ռեֆորմների տրամաբանությամբ, ինչ նախատեսված է Կառավարության ծրագրի մեջ:
 
Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ եթե հեղինակը նախագիծը թողնի շրջանառության մեջ, կանոնակարգ օրենքը նախատեսում է, որ այն հունիսի 9-ին կլինի հանձնաժողովի նիստում, իսկ եթե հանեց, ուրեմն կշարունակվեն քննարկումները:
 
«Բայց որ քննարկումների փուլով պետք է գտնենք լուծումներ՝ կա՛մ «այո», կա՛մ «ոչ». դա է ճանապարհը»,- ասաց նա:
 
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծով առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամի դիմաց, 6 ամսով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 մլն դրամի դիմաց:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը