Թրամփը «կպատռի՞» Փաշինյանին ու Ալիևին գրած Ջո Բայդենի նամակը


 

Թրամփը «կպատռի՞» Փաշինյանին ու Ալիևին գրած Ջո Բայդենի նամակը

  • 30-05-2025 18:08:08   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքը Հայաստանից մեկնել է Ադրբեջան: Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ Ադրբեջանից Հայաստան է ժամանել ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզը, որը Սենատի հանրապետական մեծամասնության ներկայացուցիչ է: Փաստացի տեղի է ունենում ԱՄՆ գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների այսպես ասած հետաքրքիր փոխատեղում՝ Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջան-Հայաստան:
 
Ըստ էության, սա Թրամփի պաշտոնամուտից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ուղղությամբ հետաքրքրության նշանակալի առաջին դրվագն է: Թե որքանով է այն բովանդակային, պարզ չէ, որովհետև հանդիպումների վերաբերյալ հայտարարությունները, հաղորդագրությունները, կարծես թե, ընդհանուր ստանդարտի շրջանակում են, որից դժվար է եզրակացնել, թե արդյո՞ք նոր վարչակազմը ունի նախորդ վարչակազմի մոտեցումներից տարբերվող մոտեցումներ, թե՞ ԱՄՆ փորձում է ավարտել դադարը, որ պայմանավորված էր վարչակազմերի փոփոխության շրջանով:
 
Օրինակ, ինչպե՞ս է ԱՄՆ նոր վարչակազմը վերաբերում ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի նամակներին, որ նա հղել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին 2024 թվականի հոկտեմբերի վերջին, ԲՐԻԿՍ գագաթնաժողովից առաջ, ուր պատրաստվում էին մեկնել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը: Այդ նամակներում Բայդենը խոսել էր խաղաղության համար ցավագին զիջումների մասին՝ չներկայացնելով, իհարկե, մանրամասներ և նշելով, որ այդ մանրամասները Փաշինյանին ու Ալիևին նրանց հետ հանդիպումներում կներկայացնի նամակ բերողը՝ նրա հատուկ ներկայացուցիչ Կարպենտերը:
 
Կարպենտերի հետ իրենց հանդիպումներից հետո՝ Երևանում և Բաքվում, Փաշինյանն ու Ալիևը երկկողմ հանդիպում ունեցան Կազանում՝ 2024-ի հոկտեմբերի 24-ին: Կասկած չկա, որ Թրամփի վարչակազմը իրազեկ է Բայդենի նամակի և դրա բովանդակության մասին: Ըստ այդմ, ի՞նչպիսին է վերաբերմունքը դրա հանդեպ: Թրամփը կգնա դրա հետքո՞վ, թե՞ նոր նամակ կգրի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը