Լոնդոնում տեղի կունենան Չինաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները. Թրամփ


Լոնդոնում տեղի կունենան Չինաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները. Թրամփ

  • 07-06-2025 12:07:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հունիսի 9-ին Լոնդոնում տեղի կունենան Չինաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները: Օրակարգում են առևտրային հարցեր:
 
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնի թիմը ներկայացնում են Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լութնիկը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը:
 
«Հանդիպումը պետք է լավ անցնի»,- եզրափակել է Թրամփը:
 
Հունիսի 4-ին ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահի հետ, քննարկել վերջերս կնքված առևտրային գործարքի նրբությունները։ Սի Ծինփինը նշել է, որ Վաշինգտոնը պետք է չեղարկի Չինաստանի դեմ ձեռնարկված բացասական քայլերը։ Նա Թրամփին հրավիրել է Չինաստան: Սպիտակ տան ղեկավարն էլ իր հերթին Սիին է հրավիրել Վաշինգտոն:
 
ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելուց հետո Վաշինգտոնը և Պեկինը փոխադարձաբար բարձրացրել էին առևտրային մաքսատուրքերը։ Մայիսին Շվեյցարիայում երկու երկրի ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել, ինչից հետո մաքսատուրքերը կրճատվել են։
 
 
Հեղինակ`Վարդուհի Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը