Հայաստանը պատրաստ է, իսկ Ադրբեջանը շարունակում է լռել


Հայաստանը պատրաստ է, իսկ Ադրբեջանը շարունակում է լռել

  • 09-06-2025 18:13:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am «Մեր խնդիրն է ճանապարհների ապաշրջափակման ցանկացած սցենարի դեպքում մաքսային վերահսկողությունն իրականացնելը»,- լրագրողների հետ զրույցում խոսել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը: Նա ասել է, որ բոլոր դեպքերում լինելու է մաքսային վերահսկողություն, որ Հայաստանը կիրականացնի Ադրբեջանից ՀՀ տարածքով դեպի Նախիջևան բեռնափոխադրումների նկատմամբ:
 
Իհարկե, բարդ է ասել, թե Հայաստանի ՊԵԿ նախագահը որքանով է տիրապետում այն սցենարներին, որ քննարկվում են ճանապարհների ապաշրջափակման օրակարգի շրջանակում: Նա, իհարկե, խոսում է իր գերատեսչական դիրքերից՝ արձանագրելով օպտիմալը՝ որ ՊԵԿ-ը պետք է պատրաստ լինի իրականացնել մաքսային վերահսկողություն: Բայց, այդուհանդերձ, ճանապարհների ապաշրջափակման և հաղորդակցության ապահովման ռեժիմի սահմանում, իհարկե, քաղաքական հարց է, քաղաքական որոշման խնդիր: Իսկ այդ որոշումները ձևավորվում են բարձր մակարդակում, ընդ որում՝ թերևս ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի՝ հաշվի առնելով նաև հարցի աշխարհաքաղաքական արժեքն ու նշանակությունը:
 
Այդ տիրույթում անորոշություն է, քանի որ հայտնի չէ, թե ինչ սցենարներ են քննարկվում: Հայաստանը առաջարկներ է ներկայացրել ամիսներ առաջ, բայց դեռ չի ստացել դրանց պատասխան, կամ, եթե ստացել է, ապա այդ պատասխանը բոլորովին գոհացուցիչ չէ, այլապես կհանրայնացվեր: Ադրբեջանը շարունակ պնդում է, որ Հայաստանը պետք է կատարի ստանձնած պարտավորությունները, ինչին սպասում են իրենք: Անգամ այդ հարցում չկա որոշակիություն, որովհետև պարզ չէ, թե ինչ պարտավորություն նկատի ունի Ադրբեջանը:
 
Եթե խոսքը նոյեմբերի 9-ի 9-րդ կետի մասին է, ապա հարց կառաջանա, թե ինչո՞ւ Երևանն էլ Բաքվին չի հիշեցնում այդ նույն հայտարարությամբ սահմանված իր պարտավորությունները, որոնց դեպքում միայն հնարավոր կլինի խոսել Հայաստանի որևէ պարտավորության մասին: Բայց, ուշադրության է արժանի այն, որ Ադրբեջանը խոսելով ճանապարհների, ավելի շուտ Նախիջևանի հետ կապ տրամադրելու Հայաստանի իբրև թե «պարտավորության» մասին, գործնականում հղում չի անում նոյեմբերի 9-ի փաստաթղթին:
 
Բայց, չի էլ կոնկրետացվում, թե այդ դեպքում ի՞նչի մասին է խոսքը: Ճանապարհների հարցը, իհարկե, քննարկվել է ոչ միայն այդ ձևաչափով, այլ նաև թե բրյուսելյան, թե վաշինգթոնյան, որը, հատկապես ակտիվ էր 2023 թվականին: Իլհամ Ալիևը 2024 թվականի վերջին Բաքվում Cop29-ի շրջանակում ընդունելով Եվրոպական Խորհրդի նախագահ, բրյուսելյան գործընթացի նախաձեռնող Շարլ Միշելին, որը հրաժեշտ էր տալիս պաշտոնին, հայտարարել էր, որ բրյուսելյան գործընթացում են ձևավորվել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի համար օրակարգային կարևոր ուղղությունները: Դեբլոկադայի հարցը այդ շարքում կա՞, թե՞ ոչ, հնարավոր չէ ստույգ արձանագրել, թեև Միշելի հովանու ներքո բոլոր հանդիպումներից հետո ամփոփիչ հայտարարություններում հիշատակվել է այդ հարցը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը