ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԲՐՈՆԶԵ
ՄԵԴԱԼԱԿԻՐ ՀՐԱՉԻԿ ՋԱՎԱԽՅԱՆԸ
26-08-2008 17:00:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 25-ի կեսգիշերին
Պեկինից հայրենիք վերադարձավ 29-րդ օլիմպիական խաղերի բրոնզե
մեդալակիր վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը: Նրան աղուհացով, երգով ու
պարով «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Լոռվա մարզաշխարհի
մարդիկ` Վանաձորի քաղաքապետի գլխավորությամբ: Մեդալակրի նվաճումը
բարձր գնահատեցին եւ նրան դափնեպսակ հանձնեցին օդանավակայան ՀԱՕԿ-ի
նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի
նախարար Արմեն Գրիգորյանը, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ,
գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը:
Հ.Ջավախյանը հայաստանցի 3-րդ բռնցքամարտիկն է, ով արժանանում
է օլիմպիական մեդալի: Խաղերի չեմպիոն է եղել Վլադիմիր Ենգիբարյանը
(1956թ. Մելբուռն), բրոնզե մեդալակիր` Դավիթ Թորոսյանը (1972թ.
Մյունխեն):
Վանաձորի սպորտկոմիտեի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ
Գուրգեն Գեւորգյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց, որ
Վանաձորի քաղաքապետարանը բնակարան եւ ավտոմեքենա կնվիրի
Հ.Ջավախյանին: Արժանին կմատուցվի նաեւ մարզիկի անձնական մարզիչ
Գեւորգ Միսակյանին, ում նույնպես կհանձնվի բնակարան: