Ահաբեկչությունը, ռազմական հեղաշրջումները Հայաստանում տեղ չունեն. ԱԺ փոխնախագահ


 

Ահաբեկչությունը, ռազմական հեղաշրջումները Հայաստանում տեղ չունեն. ԱԺ փոխնախագահ

  • 08-07-2025 14:49:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկմանն ու դրա շուրջ ծավալված զարգացումներին՝ ընդգծելով, որ քրեական գործն առնչվում է ահաբեկչության և պետական իշխանության զավթման նախապատրաստմանը։

«Տեռորիզմը, ահաբեկչությունը, ռազմական կամ ցանկացած այլ ապօրինի հեղաշրջում Հայաստանում տեղ չունի։ Հայաստանում իշխանությունը ձևավորվում է բացառապես ժողովրդավարական ընտրությունների միջոցով, և որևէ փորձ՝ իշխանություն զավթելու կամ բռնության կիրառման միջոցով նպատակների հասնելու, դատապարտելի է։

Միակ վեհ նպատակը օրինականությունն է, ժողովրդի կամքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ռուբինյանը։ ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած շարժումն ի սկզբանե փորձել է նմանակել 2018 թվականի թավշյա հեղափոխության մեթոդները՝ Տավուշից սկսած քայլերթով, սակայն, ըստ նրա, երբ պարզ է դարձել, որ այդ մոտեցումներով հաջողության չեն հասնելու, շարժման ղեկավարության գործողությունները դարձել են առավել ագրեսիվ ու վերջում՝ ահաբեկչական։

«Սկզբում նրանք փորձում էին կրկնօրինակել 2018 թվականի թավշյա հեղափոխության մեթոդները․ Տավուշից քայլում էին, խաղաղ բաներ էին ասում, խոսքի գործիքակազմը նույնն էր, բայց ակնհայտ դարձավ, որ այդ մեթոդները չեն գործում։ Այդ պահից սկսած՝ Վազգեն Գալստանյանը, կարելի է ասել, չարացավ, և շարժումն անցավ այլ՝ ավելի բռնի փուլ։ Հիշենք Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, երբ նա կոչ էր անում ոստիկաններին հանել սաղավարտները՝ ասելով, որ վտանգ չկա, բայց հինգ րոպե անց հարձակում տեղի ունեցավ հենց ոստիկանների վրա՝ նպատակ ունենալով գրավել ԱԺ-ն։ Երբ այդ փորձն էլ ձախողվեց, շարժումը ձեռք բերեց ավելի բռնի բնույթ՝ հանգելով ահաբեկչության»,- ընդգծեց նա։  Ռուբինյանն ընդգծեց, որ ընդդիմության մի մասը փորձում է լղոզել խնդիրը, կասկածի տակ դնել հրապարակված ձայնագրությունները՝ խոսելով դրանց «մոնտաժված լինելու» կամ «զուտ զրույց» համարվելու մասին։

«Ընդդիմադիր գործընկերները ամեն ինչ փորձում են կասկածի տակ առնել։ Սկզբում հայտարարում էին, թե հրապարակված ձայնագրությունները արհեստական բանականությամբ են ստեղծված։ Հետո ասում էին, որ մոնտաժված են։ Այսօր արդեն ասում են՝ զուտ զրույց է։ Բայց ի՞նչ զրույց, երբ սարկավագը հարցնում է՝ «Նիկոլին, Ալենին, Արարատին սպանեմ՝ ինձ ի՞նչ կլինի», և դա որակվում է որպես զրո՞ւյց։ Երբ Վազգեն Գալստանյանը ասում է՝ «մի քանի հոգու գյուլլել ես տալիս, մի 15-ին նստեցնում ես բերդ, ընտանիքներին կոմպենսացիա ես տալիս, իրենք էլ ուրախ կլինեն», սա ի՞նչ է, զուտ մտորումնե՞ր։

Մի անգամ գրել էին, թե խոսքը թմրավաճառների մասին է, բայց երբ կարդում ենք ամբողջ ձայնագրությունը, Գալստանյանն ասում է՝ «դուք ազգի դավաճան եք, դրա համար ենք գյուլլում»։ Այսինքն՝ կոնտեքստն ամբողջությամբ պարզ է, խոսքը կոնկրետ քաղաքական իշխանության մասին է»,- շեշտեց նա։  Նա անդրադարձավ նաև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի հայտարարությանը, որում վերջինս դրվագ էր պատմել 2018 թվականին իր իրականացրած մի գործողության վերաբերյալ։ Ռուբինյանի խոսքով՝ Արթուր Սարգսյանի ներկայացրած դեպքը վկայում է նրա՝ բռնության հանդես թաքուն սիմպատիայի մասին։ «Արթուր Սարգսյանը, որի վերաբերյալ միջնորդությունը հիմա քննարկվում է, իր ձայնագրություններից մեկում պատմում է 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ տեղի ունեցած մի դեպքի մասին։

Ասում է՝ Սիսիանի մոտ մի չորս հոգի փողոց էին փակել, իսկ ինքը, այդ ժամանակ լինելով Սիսիանի համայնքապետ, 30 հոգով նստած է եղել իր կաբինետում։ Ասում է՝ «Տղերքին ասեցի՝ դրանց հանկարծ չտփեք, կարող է նկարեն»։ Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե ասաց, որ չի կարելի տփել, այլ չտփեք, որովհետև կարող է նկարեն։ Այսինքն՝ խնդիրն այն չէր, որ բռնությունը սխալ է, այլ՝ բռնության փաստը կարող է հրապարակվել։Ենթադրում եմ՝ արդեն եղել էին դեպքեր, օրինակ՝ Մասիսի քաղաքապետը, որն, ի դեպ, հիմա «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն է, այդ ժամանակ արդեն մարդկանց «տփել էր», և նկարահանումները տարածվել էին։ Հիմա իրենց մտահոգությունը եղել է, որ իրենց էլ չնկարեն։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ասում է՝ տփելու փոխարեն առաջարկել է «սիրուն վերցնել», այսինքն՝ մարդկանց պետք է առևանգեին։ Ասում է՝ դրանից հետո մարզպետը զանգեց, ասաց՝ բան չանես, նախագահն ասում է՝ ամեն ինչ վերահսկվում է։

Այսինքն՝ սա է եղել իրենց մոտեցումը խաղաղ անհնազանդության ակցիաների նկատմամբ՝ ոչ թե զսպվածություն, այլ բռնության հնարավորություն, բայց պայմանով, որ չնկարեն։ Ավելին՝ ասում է, որ եթե իրենց թողնեին «վիզները կտրել», հեղափոխություն չէր լինի։ Այսինքն՝ սրանք մարդիկ են, որոնք 2018-ին արդեն նման տրամաբանության մեջ են եղել։ Եվ զարմանալի չէ, որ այսօր էլ նույն արժեհամակարգով առաջնորդվելով՝ խաղաղ միջոցներով չեն պայքարում։ Նրանք առաջնորդվում են մարդկանց գյուլլելու տրամաբանությամբ, անմեղ մարդկանց բերդ նստեցնելու տրամաբանությամբ, ավտոբուսների կամ մեքենաների վրա յուղ լցնելու տրամաբանությամբ, խոտի տուկ վառելու տրամաբանությամբ և նույնիսկ փողոցում «աստղիկներ շփելու» տրամաբանությամբ։

Եվ այս ամենը մեկ խոսքով անվանվում է «լուսավորչական դիկտատուրա»»,- ընդգծեց Ռուբինյանը։ԱԺ փոխնախագահը նաև քննադատեց ընդդիմադիրների՝ ձայնագրությունների բովանդակությունը նսեմացնելու և հանցանքները քաղաքականացնել փորձելու մոտեցումը։ «Ահաբեկչության կողմնակիցներին այսօր որոշ շրջանակներում փորձում են ներկայացնել իբր վեհ նպատակներ ունեցող անձինք։ Բայց եթե բռնությունը հանուն վեհ նպատակի արդարացվի, ուրեմն ամեն ոք կարող է իրեն իրավունք վերապահել բռնություն գործադրելու՝ հղում անելով «վեհ նպատակին»։ Սա քաոսի ճանապարհ է։ Իսկ միակ վեհ նպատակը օրինականությունն է, ժողովրդի կամքը, և այդ կամքին հասնելու ճանապարհը խաղաղ միջոցներն են՝ ընտրությունները, հանրահավաքները, հանրային գործընթացները։

Խորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանականները, բոլոր նրանք, ովքեր լռությամբ կամ կիսատ-պռատ դատապարտում են այս հանցավոր խոսքերն ու գործերը, լրջագույն պատասխանատվություն են կրում։Ես կողմ եմ քվեարկելու Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Ահաբեկչությունը, ռազմական հեղաշրջման փորձերը Հայաստանում տեղ չունեն»,- եզրափակեց նա։ 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը