Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը


 

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը

  • 10-07-2025 09:45:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։
 
ԱՄԷ-ում հանդիպման մասին հայտնի էր դարձել մեկ շաբաթ առաջ՝ Լոնդոնում գործող ու Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները լուսաբանող Middle East Eye կայքում հրապարակումից հետո: Նույն օրերին «Քարնեգի» վերլուծական կենտրոնը հրապարակել էր նաև ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկը, այն է՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի կառավարումը պատվիրակել ամերիկյան մասնավոր ընկերությանը:
 
Նախօրեին էլ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, թվելով վերջին կես տարում ամերիկյան դիվանագիտության հաջողությունները, հույս էր հայտնել, որ շուտով գրանցված արդյունքներին կարող է գումարվել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը:
 
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին մայիսին Ալբանիայի մայրաքաղաքում: Հանդիպումից հետո պաշտոնական Երևանը հաղորդեց միայն, որ «երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը»։ Կողմերը քննարկել էին ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը