Ինչո՞ւ էր մեր զորահանդեսի պաշտոնական լեզուն ռուսերենը


 

Ինչո՞ւ էր մեր զորահանդեսի պաշտոնական լեզուն ռուսերենը

  • 24-07-2025 18:32:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Երեսունհինգ տարի առաջ՝ հուլիսյան դարձյալ խիստ շոգի այս օրերին՝ Երևանում, կառավարության Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող նիստերի դահլիճում բացվեց նորընտիր Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը: Այդ մասին հազարավոր հրապարակումներ, հարցազրույցներ, ամենատարբեր մեկնաբանություններ կարելի է գտնել արխիվներում: Կարծում եմ, որ Հանրային հեռուստատեսությունը պահպանել է նաև տեսագրությունները: Նիստերը հեռարձակվում էին ուղիղ եթերում, և հարյուր հազարավոր մարդիկ շունչները պահած սպասում էին, թե ինչ-որոշումներ են ընդունելու ժողովրդի ընտրյալները, որ բաժանված էին երկու՝ կոմունիստական և ժողովրդավարական, ճամբարների:
 
Այդ նստաշրջանը երկու բախտորոշ որոշում է ընդունել: Գերագույն խորհրդի նախագահ է ընտրել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայոց համազգային շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին և ընդունել Հայաստանի անկախության Հռչակագիրը: Առաջին գումարման Գերագույն խորհուրդը նաև լիազորությունների վերջին ամիսներին հավանություն է տվել սահմանադրության նախագծին և որոշել, որ այն ներկայացվում է հանրաքվեի:
Դժվար է ասել՝ այդ ճակատագրական որոշումները Հայաստանի պետական-քաղաքական և հանրային կյանքում իրական տոն կհաստատվեի՞ն, եթե տեղի չունենար 1998-ի իշխանափոխությունը, բայց ստույգ կարող եմ վկայել, թե որքան արտառոց էր, երբ նույն դահլիճում, երբ «Գերագույն խորհուրդ» ակումբը կազմակերպել էր ԳԽ առաջին նստաշրջանի բացման տասնամյակին նվիրված միջոցառումը, ներկա չէր ոչ միայն գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այլև Լևոն Տեր-Պետրոսյանը:
 
Հետագայում նման միջոցառումներ կազմակերպվե՞լ են՝ չեմ հիշում: Փաստ է, որ առաջին գումարման Գերագույն խորհրդի կազմավորման, նստաշրջանի բացման, անգամ անկախության Հռչակագրի ընդունման օրը Հայաստանում երբեք որպես տոն չի նշվել, երկրի ոչ մի առաջնորդ այդ առթիվ քաղաքացիներին ուղերձ չի հղել: Այդ փաստի նկատառմամբ՝ բոլորովին էլ արտառոց չէ, որ առաջին գումարման Գերագույն խորհրդի երեսունհինգամյակը չնկատված մնաց նույնիսկ մամուլի կողմից:
 
Հայաստանում կան «հրատապ թեմաներ», լրատվամիջոցները, մի քանի հեռուստաընկերությունները, սոցիալական մեդիան սևռված է դրանց վրա, որովհետև այդ հիմնադիր Գերագույն խորհրդի պատգամավորներից ով ոտքի վրա է՝ քաղաքական տարբեր ճամբարներում է, նրանց այլևս ոչինչ չի միավորում, նույնիսկ՝ անցյալի, այդ հեղաբեկումնային էպոխայի ընկալումը:
 
Չեմ կարծում, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատահական էր ընտրել օկուպացված Ստեփանակերտում «միջազգային մեդիաֆորում» անցկացնելու ժամանակը: Ուղիղ երեսուն տարի առաջ, 1995 թվականի մայիսի 9-ին Ստեփանակերտում հաղթանակի զորահանդես էր, որից մեկուկես ամիս հետո կայացան ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններ: Մինչ այդ օրենքով սահմանվել է նախագահի պաշտոն, որ լիազորությունների երկամյա ժամկետով զբաղեցրել է Ռոբերտ Քոչարյանը:
 
Զորահանդեսի կադրերը պահպանվել են: Կառավարական «օթյակում» Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բացակայում է: Հինգ տարում Լեռնային Ղարաբաղի ազատագրմանը, նրա շուրջ անվտանգության գոտու ստեղծմանը, չճանաչված երկրի պետական կառավարման համակարգի հաստատմանը հասնելով՝ պաշտոնական Երևանը հաղթահանդեսին նախագահի մակարդակով մասնակցությունից ինչու՞ ձեռնպահ մնաց: Դա դիվանագիտական հաշվարկված քա՞յլ էր, որպեսզի Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը չխոցվի՞, չնվաստանա՞: Այդ քայլով հետագա բանակցություններում փոխզիջման տե՞ղ էր թողնվում:
 
Բայց ի՞նչ էր լինելու, եթե Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցեր Ստեփանակերտի զորահանդեսին և հենց այդ հարթակից հայտարարեր, որ «Ղարաբաղը երեք հազար տարի հայկական է եղել, երեք հազար տարի էլ պիտի հայկական մնա»: Երեսուն տարի հետո Իլհամ Ալիևը Ստեփանակերտում «հաղթակամար» է կառուցում: Մենք ինչո՞ւ քսանհինգ տարում՝ 1995-2020 թվականներին մայիսի 9-ը նշում էինք Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշահամալիրում: Եվ ինչո՞ւ 1995 թվականի մայիսի 9-ի զորահանդեսի պաշտոնական լեզուն… ռուսերենն էր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը