ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներն իշխանությունն ուղեկցում է քարոզչությամբ այն մասին, որ հարցը կապված է հանրային անվտանգության հետ. Արման Թաթոյան


 

ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներն իշխանությունն ուղեկցում է քարոզչությամբ այն մասին, որ հարցը կապված է հանրային անվտանգության հետ. Արման Թաթոյան

  • 25-07-2025 13:49:02   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյան ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀԷՑ-ի, այսպես կոչված, ազգայնացման առնչությամբ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշման առնչությամբ ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ի դիրքորոշմամբ ցույց է տալիս, որ միջազգային ներդրողների պաշտպանության համար Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերը, դրանցով ստանձնած պարտավորությունները չի կատարելու, եթե դրանք Կառավարության ղեկավարին անձնապես կամ քաղաքականապես դուր չեկան։

ՀՀ վարչապետն արդեն անձնական վերաբերմունք է ցույց տվել ՀԷՑ-ի շուրջ կատարվող գործընթացի նկատմամբ՝ հայտարարելով, թե իր համար դա «պետության համը որոշ մարդկանց բերանում» պահպանելու երաշխիք է, և սրանով նա արդեն ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք։
Իշխանության քարոզչական ուղղություններից մեկն այն է, թե իբր Արբիտրաժային ինստիտուտի այդ որոշման չկատարումը տեղի է ունենում հանուն ՀՀ ինքնիշխանության։ 
 
Այս տրամաբանությունը կամայականության դուռ է բացում՝ ստացվում է որևէ միջազգային դատարանի (օրինակ` Մարդու իրավունքների եվրոպական դատարան) վճիռ, որը վարչապետի դուրը չի եկել կամ նա համարել է իր իշխանության համար վտանգավոր, կարող է չկատարել:
 
Այս մոտեցումը մեծ վնաս է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը, հատկապես միջազգային ներդրումների ներգրավման համար։
Գործընթացը ցույց տվեց, որ պետական ինստիտուտներն ընդհանրապես չգործեցին։ 
 
Դա տեղի ունեցավ այն բանի շնորհիվ, որ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն և կուսակցապետություն: Սրանք են նրանց բերած «արժեքների բարիքները»։
 
Լուծումը պարզ է՝ Հայաստանի դատարանը պետք է ընդամենը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժի որոշման կատարման հարցը լուծի՝ առանց անդրադառնալու հարցի բովանդակային կողմին։
 
Դատարանը կարող է մերժել, եթե որոշումը խախտի հանրային կարգը։ Այդ է պատճառը, որ ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները իշխանությունն ուղեկցում է քարոզչությամբ այն մասին, որ հարցը կապված է հանրային անվտանգության հետ։ 
 
Մինչդեռ, վարչապետն արդեն ցույց է տվել է, որ իր համար դա ունի անձնական ու դրա հետ կապված՝ քաղաքական նշանակություն»։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն