Պաղեստինյան զենքի հանձնման գործընթացը կարող է դառնալ շրջադարձային


 

Պաղեստինյան զենքի հանձնման գործընթացը կարող է դառնալ շրջադարձային

  • 21-08-2025 18:00:16   | Լիբանան  |  Քաղաքական

 
Պաղեստինյան ազգային անվտանգության ուժերը որոշել են սկսել Լիբանանում տեղակայված պաղեստինցիների զենքի հանձնման գործընթացը։ Տեղեկությունը փոխանցել է պաղեստինյան պաշտոնական աղբյուր։«Իրատեսակա՞ն է որոշումը» «Նոյյան Տապան»-ի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 
Քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի խոսքով՝ կան հիմքեր ենթադրելու, որ լուրը հավաստի է։ Խնդիրը դիտարկվում է Լիբանանում միայն բանակին զենքի մենաշնորհ տրամադրելու սկզբունքի շրջանակում։
 
Սակայն գործընթացը չի լինելու միանշանակ և արագ․ զենքի հանձնումը նախատեսվում է փուլ առ փուլ, և այն կարող է ցանկացած պահի ընդհատվել։
 
 
 
Համընկնում Գազայի իրադարձությունների հետ
 
Հատկանշական է, որ նման որոշում կայացվում է այն պահին, երբ Իսրայելը պատրաստվում է ամբողջությամբ գրավել Գազան։ Լիբանանի համատեքստում այս քայլը ուղերձ է նաև Հըզբոլլային, որի զինաթափումն այսօր պահանջում են ոչ միայն Իսրայելը, այլև միջազգային հանրությունը՝ հատկապես ԱՄՆ-ը։ Նման պահանջ ունի նաև պաշտոնական Բեյրութը, որը միաժամանակ պնդում է իսրայելական զորքերի դուրսբերումը լիբանանյան տարածքներից։
 
Տարածաշրջանային ազդեցություններ
 
Վերլուծաբանները ենթադրում են, որ պաղեստինյան զենքի հանձնման գործընթացը կարող է առնչվել նաև Գազայում ձևավորվելիք նոր կարգավիճակին։ Դա կապվում է «երկու պետություն» բանաձևը միջազգային օրակարգից դուրս մղելու հնարավորության հետ։
 
Նոյյան տապան  -   Քաղաքական