Այս ուսումնական տարին անվանել ենք անվտանգ և ապահով կրթության տարի․ Ժաննա Անդրեասյան


 

Այս ուսումնական տարին անվանել ենք անվտանգ և ապահով կրթության տարի․ Ժաննա Անդրեասյան

  • 01-09-2025 11:23:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ․ 
 
Սիրելի՛ սովորողներ, մանկավարժներ, դասախոսներ,
 
Նախորդ ուսումնական տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի՝ կարևորելով ստեղծագործականությունը, արվեստի միջոցով իրականությանն առնչվելու, իրականությունը ճանաչելու, հետազոտելու հմտությունը, արվեստային և մշակութային կրթության խրախուսումը, մեր ուսումնական հաստատություններում միջոցառումների անցկացման բովանդակության շեշտադրումը։ Միասին նախորդ ուսումնական տարվա ավարտին կարողացանք արձանագրել, որ էապես ավելացել է թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ այցելող սովորողների թիվը, ընդ որում՝ այցելությունը դիտարկելով ոչ միայն իբրև ժամանց, այլև կրթական գործընթացի մաս։ Բազմաթիվ նախագծեր և քննարկումներ իրականացրեցինք, միասին անցկացրեցինք մշակութային վերջին զանգ՝ նոր մոտեցումներ դնելով կյանքի այդ կարևոր փուլն ամփոփելու օրվա մեջ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ ջանքի համար։ 
 
Մշակութային կրթությունը շարունակում է մնալ մեր առաջնահերթությունը։ Մենք սիրով սպասում ենք ձեզ մեր թատրոններում, համերգասրահներում և թանգարաններում՝ նոր ծրագրերով և ներկայացումներով։ Ի դեպ, շարունակելով նախորդ տարի մեկնարկած ավանդույթը՝ այս տարի նույնպես մեր երկրի Անկախության օրվանից՝ սեպտեմբերի 21-ից սկսած, կարող եք այցելել Հայաստանի պատմության թանգարան՝ դիտելու Լուվրի թանգարանի հետ համատեղ բացվող ցուցադրությունը։ 
 
Այս ուսումնական տարին անվանել ենք անվտանգ և ապահով կրթության տարի։ Միասին խոսելու ենք շատ կարևոր թեմաներից, առավել մեծ շեշտադրում ենք անելու առողջ, վնասակար սովորություններից զերծ, ֆիզիկապես ակտիվ վարքականոնի ձևավորման վրա։ Փորձելու ենք ուսումնական հաստատություններում ձևավորել առավել ապահով և պաշտպանված միջավայր բոլորի համար՝ սովորողների, ուսուցիչների, դասախոսների, այլ մասնակիցների՝ կանխարգելելով և բացառելով ցանկացած տիպի բռնությունը։ Խրախուսելու ենք ֆիզիկական առողջ ակտիվությունը՝ կազմակերպելով առանձին հանդիպումներ մեր անվանի մարզիկների հետ և նրանց օրինակից սովորելով։ Առանձնակի ուշադրություն ենք դարձնելու թվային գրագիտության և թվային միջավայրում անվտանգ ու պաշտպանված գործելակերպին։ Այդ ամենը ուղեկցելու ենք վերապատրաստումներով, նախագծերով, համատեղ աշխատանքով։ 
 
Չկա խնդիր, որի մասին չենք կարող խոսել։ Մեր հաստատությունները պետք է լինեն միջավայրեր, ուր ամեն օր շտապում ես՝ սիրով, նորը բացահայտելու և ստեղծագործելու ակնկալիքով։ Մեզ սպասվում է հագեցած և ակտիվ ուսումնական տարի։ Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Առանձնապես շնորհավորում եմ առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին. ձեր կյանքում սկսվում է մի նոր փուլ՝ ամենալուսավոր և ամենակարևոր փուլերից մեկը։ 
Լավ սովորեք, որ լավ ապրեք։  
 
Շնորհավո՛ր Գիտելիքի և դպրության օրը
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն