imID-ն թողարկեց «MobileID eSIM» լուծումը


 

imID-ն թողարկեց «MobileID eSIM» լուծումը

  • 02-09-2025 11:44:14   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայաստանում թվային ինքնության և վստահության ծառայություններ մատուցող imID ընկերությունը, համագործակցելով Հայաստանի հեռահաղորդակցական երեք խոշոր օպերատորների հետ, հայտարարում է «MobileID eSIM» ծառայության գործարկման մասին։ Այս քայլը նոր մակարդակի է բարձրացնում թվային ինքնության անվտանգ և հարմարավետ լուծումները՝ դարձնելով դրանք ավելի հասանելի և ճկուն:
 
Այսուհետ Team Telecom Armenia, Ucom և Viva ընկերությունների բաժանորդները կարող են ակտիվացնել և օգտագործել imID-ի «MobileID eSIM» ծառայությունն eSIM համատեղելիությամբ սարքերում՝ առանց ֆիզիկական SIM քարտի անհրաժեշտության: Օգտատերերը «MobileID eSIM»-ով կարող են անվտանգ և հեշտությամբ գրանցվել, մուտք գործել, իրականացնել գործարքներ և ստորագրել փաստաթղթեր բանկային, պետական և ոչ պետական կայքերում և հավելվածներում։
 
imID-ի գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանն ընդգծեց նախաձեռնության կարևորությունը.
 
««Mobile ID»-ի գործարկումը eSIM օգտագործողների համար բնական շարունակությունն է մեր տեսլականի՝ կառուցելու ներառական և ժամանակակից թվային էկոհամակարգ։ Այս թարմացմամբ մենք ևս մեկ քայլ ենք անում դեպի նորարարություն, հասանելիություն և ապագայի թվային ենթակառուցվածքների ձևավորում Հայաստանում»։
 
Ծառայությունը պահպանում է նույն բարձր մակարդակի անվտանգություն և իրավական ուժ, ինչ SIM քարտի վրա հիմնված տարբերակները։ Նույնականացման և էլեկտրոնային ստորագրման բոլոր գործընթացները պաշտպանված են միջազգային ստանդարտներին համապատասխան կրիպտոգրաֆիկ տեխնոլոգիաներով։
 
imID-ի մասին
 
imID-ն Հայաստանի ազգային թվային ինքնության և վստահության ծառայությունների մատակարար է, որը տրամադրում է Identification-as-a-Service (IDaaS), Authentication-as-a-Service (AuthaaS) և Signature-as-a-Service (SignaaS) լուծումներ։ imID-ն ձևավորում է թվային վստահության նոր ստանդարտ և նպատակ ունի աջակցել անհատների, բիզնեսների և պետական կառույցների լիարժեք մասնակցությանն ու ներառմանը թվային աշխարհում՝ Հայաստանում և դրա սահմաններից դուրս։
 
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.imid.am։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն