ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԵՏԱՊՆԴՎԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ,-
ԱՍՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ
14-07-2008 20:15:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահի աշխատակազմի
ղեկավար Հովիկ Աբրահամյանի եւ Եվրոպայի Խորհրդի մարդու
իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հուլիսի 14-ի
հանդիպմանը քննարկվել են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական
Վեհաժողովի թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքը,
մասնավորապես, անդրադարձ է եղել անազատության մեջ գտնվող անձանց
իրավական կարգավիճակի եւ մարտի 1-ի իրադարձությունների անկախ
հետաքննության խորհրդարանական ձեւաչափի հետ կապված հարցերին: ԵԽ
մարդու իրավունքների հանձնակատարն այս խնդիրների վերաբերյալ
սեպտեմբեր ամսին մոնիտորինգի հանձնաժողովում պետք է ներկայացնի
զեկույց:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո
գրասենյակից, Հ.Աբրահամյանը վստահեցրել է, որ Հայաստանի
իշխանությունները հաստատակամ են մարտի 1-ի իրադարձությունների
լիարժեք հետաքննության եւ մեղավորներին պատժելու հարցում: Նա
միաժամանակ ընդգծել է, որ որեւէ մեկը չի կարող հետապնդվել
քաղաքական հայացքների համար: