Տարածաշրջանների բացման արդյունքում կստանանք երկաթուղի Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ, որը շատ կարևոր լոգիստիկ ուղի կդառնա. Փաշինյան
18-09-2025 15:21:21 | Հայաստան | Ինքնիշխանության ուղի
1lurer. Մենք ԻԻՀ-ի հետ մեր գործընկերությունը և տնտեսական գործակցությունը խորացնելու պայմանավորվածություն և ծրագրեր ունենք: Նաև տարածաշրջանների բացման արդյունքում մենք կստանանք երկաթուղի Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ, որը շատ կարևոր լոգիստիկ ուղի կդառնա, ինչը մեր տնտեսական գործակցության հնարավորություններն էականորեն կմեծացնի: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ բավականին լավ տեմպերով կառուցվում է նաև Հյուսիս-հարավ ճանապարհը:
«[Երկաթուղին] կմեծացնի Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության, բայց նաև Ադրբեջանի տարանցման պոտենցիալը, որովհետև այդ երկաթուղին անցնելու է Հայաստանի, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջով, և սա կարող ենք պատկերացնել, թե ինչ հնարավորություններ կստեղծի: Այսինքն՝ մեր պլանն այն չէ և չի էլ կարող լինել, որ եկեք այնպես անենք, որ Հայաստանի և Իրանի տարանցիկ նշանակությունն աճի, Նախիջևանինը չաճի, նման հնարավորություն երկաթուղու դեպքում չկա: Եվ դա ճիշտ ձևակերպված խնդիր չէ, առավել ևս` խաղաղության և տարածաշրջանային համագործակցության պայմաններում»,-ասաց նա և հավելեց, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь