Հայկական գինի, իտալական երաժշտություն․ Իջևանի գինու–կոնյակի գործարանն անցկացրեց առաջին փառատոնը


 

Հայկական գինի, իտալական երաժշտություն․ Իջևանի գինու–կոնյակի գործարանն անցկացրեց առաջին փառատոնը

  • 24-09-2025 15:27:30   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայկական գինի, իտալական երաժշտություն, հեռու–մոտիկ վայրերից Իջևան, իսկ ավելի կոնկրետ Իջևանի գինու–կոնյակի գործարան եկած բազմաթիվ հյուրեր, առիթը՝ առաջին անգամ անցկացվող իր տեսակով եզակի փառատոնն  էր, որի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ գինիների արտադրման պրոցեսին՝ խաղողի ճզմումից մինչև շեշերի փաթեթավորում։ 
 
1951 թվականին հիմնադրված և մինչև օրս գործունեություն ծավալող գործարանի տարածքում առաջին անգամ անցկացված մշակութային միջոցառումը նշանավորվեց նաև թանգարանի բացմամբ։  
 
Այստեղ ներկայացված են Իջևան քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք՝ Գետահովիտ և Ենոքավան գյուղերի միջև ընկած «Գետահովիտ-2» քարայր–բնակատեղիում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված տարբեր գտածոներ։ 
Ինչպես տեղեկացրեց գործարանի տնօրեն Մարտին Մարտիրոսյանը, 2018 թվականից  Իջևանի գինու–կոնյակի գործարանը ֆինանսավորում է  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի աշխատանքները։ Պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների շարքում հատկապես արժեքավոր են պղնձի–քարիդարի խաղողի ածխացած կորիզները, որոնք կարևոր տեղեկություն են հաղորդում խաղողագործության և գինեգործության ծագման վերաբերյալ։ 
 
«Գործարանը մեծ պլաններ ունի տուրիզմի զարգացման հարցում, հայտնաբերված ածխացած խաղողի կորիզը փորձեցինք կապել գինեգորոծության հետ և այդպես ծնվեց թանգարան կառուցելու միտքը։ Չորս հարկանի այս շենքի առաջին հարկում թանգարանն է, երկրորդ և երրորդ հարկերում համտեսի սրահներ են, իսկ չորրորդ հարկում ռեստորան է, որը նախատեսված է կորպորատիվ միջոցառումների համար։
 
Թանգարանի բացման օրն ավելի նշանակալի դարձնելու համար հրավիրել ենք իտալական խմբին, որը լիցենզավորված խումբ է և իրավասու է կատարել Sanremo փառատոնի լավագույն իտալական հիթերը, ինչո՞ւ հենց այդ խմբին, որովհետև Sanremo փառատոնն էլ է ստեղծվել 1951 թվականին, մեր գործարանն էլ»,– մանրամասնեց Մ․ Մարտիրոսյանը։ 
 
Ըստ նրա՝ առաջին անգամ անցկացվող փառատոնին մարդկանց մասնակցությունը եղել է վաճառքի տոմսերով և հրավիրատոմսերով, իսկ հաջորդ տարիներին նախատեսում են այնպես կազմակերպել, որ ավելի շատ մարդկանց հասանելի լինի փառատոնին մասնակցությունը։ 
Փառատոնին ներկա Զբոսաշրջության կոմիտեի մարկետինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանի խոսքերով՝  տարեկան ծրագրի շրջանակներում փառատոնների անցկացման համար կոմիտեն անցկացնում է բաց մրցույթներ և տրամադրում դրամաշնորհներ, բայց կան մի շարք չափանիշներ, որոնք պետք է բավարարեն փառատոնների կազմակերպիչները։ 
 
Ինչպես տեղեկացրեց Դ․ Կարապետյանը, Իջևանի գինու–կոնյակի գործարանը բավարարել է կոմիտեի սահմանած պահանջները և ստացել դրամական աջակցություն փառատոնի անցկացման համար։ 
 
«Փառատոնների նպատակն է ապակենտրոնացումը Երևանից, Հայաստանի մասին էլ ավելի շատ դրական տպավորություն թողնելն է։ Փառատոնների ընթացքում մարդիկ բացահայտում են այդ մարզի ավանդույթները, մշակույթը, նաև փառատոնները դրական ազդեցություն են ունենում ներգնա և արտագնա զբոսաշրջության զարգացման վրա, ինչպես նաև ունենում ենք օտարերկյա հյուրեր»,– նկատեց Դ․ Կարապետյանը։ 
 
Գործարանի տարածքում անցկացված շրջայցից և գինու, կոնյակի համտեսից հետո փառատոնի մշակութային մասն ամփոփվեց համերգային երեկոյով։ Կենդանի կատարմամբ հնչեցին իտալական հայտնի Volare, Felicità, L’italiano, Ti Amo, Sarà perché ti amo և տասնյակ այլ հիթեր:
 
 
 
«Էլիզա Զախարյան», «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն