ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի հարթակում խոսել է միջին եկամուտ ունեցող երկրների զարգացման սահմանափակումների մասին


 

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի հարթակում խոսել է միջին եկամուտ ունեցող երկրների զարգացման սահմանափակումների մասին

  • 26-09-2025 20:28:36   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջին եկամուտ ունեցող երկրների համախոհների խմբի 10-րդ նախարարական հանդիպմանը: 
 
Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է զարգացման համագործակցության ճարտարապետության խոցելիության և առկա համակարգային բացերի արդյունքում միջին եկամուտ ունեցող երկրների զարգացման հեռանկարների սահմանափակումներին: 
 
Անդրադառնալով միջին եկամուտ ունեցող երկրների առջև ծառացած մարտահրավերների հասցեագրմանը՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխման, ՄԱԿ-ի զարգացման համակարգի ամրապնդման և միջին եկամուտ ունեցող երկրների համար միջազգային զարգացման համագործակցության համակարգի վերափոխման անհրաժեշտությունը: Ընդգծել է, որ այդ հանձնառությունների իրականացման արդյունքում միջին եկամուտ ունեցող երկրների համար հնարավոր կլինի ապահովել համապատասխան ֆինանսավորում, ենթակառուցվածքների և կարողությունների զարգացման խթանում, ինչպես նաև երկարաժամկետ դիմակայունությանը և զարգացմանն ուղղված աջակցություն:
 
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է միջին եկամուտ ունեցող երկրների բարձր մակարդակի նախարարական համաժողովի և Մակատիի հռչակագրի արդյունքներով երկրների ստանձնած պարտավորությունների իրականացման կարևորությունը՝ այս համատեքստում շեշտելով միջին եկամուտ ունեցող երկրների համար գործողությունների ռազմավարական ծրագրի մշակման անհրաժեշտությունը:
 
Ամփոփելով՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ միջին եկամուտ ունեցող երկրների միջև ավելի ամուր գործընկերության առնչությամբ՝ ուղղված երկրերի միջև ընդհանուր ներուժի բացահայտմանը և համաշխարհային զարգացման ճարտարապետության մեջ հավասար դիրքերի ապահովմանը:
 
 ՀՀ ԱԳՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն